5 հետաքրքիր փաստ քաղցկեղածին Helicobacter pylori բակտերիայի մասին

18:02   7 հոկտեմբերի, 2017

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մեր մոլորակի բնակչության մոտ 60 տոկոսը Helicobacter pylori բակտերիայի կրողներ են: Չնայած նրանցից մեծ մասի մոտ բակտերիան խնդիրներ չի առաջացնում, մոտ 10 տոկոսի մոտ դառնում է ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոցի, գաստրիտի, ստամոքսի քաղցկեղի եւ մի շարք այլ հիվանդությունների առաջացման պատճառ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս նենգ բակտերիայի մասին մի քանի հետաքրքիր փաստեր.

Helicobacter pylori-ն քաղցկեղածին բակտերիա է համարվում

Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալությունը (IARC) Helicobacter pylori-ն մտցրել է մարդու մոտ 1-ին դասի քաղցկեղածինների ցանկի մեջ: H. Pylori-ն կարող է աուտոիմունային ռեակցիաների կասկադ գործարկել:

Helicobacter pylori-ն ամենակենսունակ բակտերիաներից մեկն է

Helicobacter pylori-ն կարողանում է պաշտպանվել ստամոքսի ագրեսիվ միջավայրից, հակաբիոտիկների ներգործությունից եւ օրգանիզմի իմունային պաշտպանության մեխանիզմներից: Վերջին շրջանում ավելի հաճախ են հայտնաբերում H. Pylori-ի շտամներ, որոնք բուժման ստանդարտ սխեմաներում կիրառվող հակաբիոտիկների նկատմամբ ռեզիստենտ են: Այս տեսակի ինֆեկցիայով հիվանդների համար պահանջվում է բուժման անհատական սխեմա. մասնագետները ստիպված են հակաբիոտիկներ ընտրել, որոնք դեռեւս արդյունավետ են այս բակտերիայի դեմ:

Helicobacter pylori-ն խիստ վարակիչ է

Helicobacter pylori-ն փոխացվում է կենցաղային շփման ճանապարհով՝ գավաթի, գդալի եւ համբույրի միջոցով, ինչպես նաեւ կղանքի եւ բերանի միջոցով: Այս պատճառով, եթե բակտերիան հայտնաբերվել է ընտանիքի անդամներից մեկի մոտ, ապա մեծ հավանականությամբ կվարակվեն նաեւ ընտանիքի մյուս անդամները:

Helicobacter pylori-ն ախատահարում է նաեւ մաշկը

Գիտնականները կապ են հայտնաբերել H. Pylori-ի եւ մաշկային շատ հիվանդությունների միջեւ՝ ատոպիկ դերմատիտ, կորյակացան, ռոզացեա (վարդագույն կորյակներ), պսորիազ եւ մաշկային ու համակարգային այլ հիվանդություններ:

Helicobacter pylori-ն հաճախ համալիր բուժում է պահանջում

Դժվար է Helicobacter pylori-ին հաղթահարելը, սակայն հնարավոր է: Այսօրվա դրությամբ մշակվել են էրադիկացիոն թերապիայի մի քանի արդյունավետ սխեմաներ, որոնք համակցում են հակաբակտերիալ միջոցների եւ դեղերի հետ, որոնք ներգործում են աղաթթվի սեկրեցիայի վրա: Բուժման կուրսը պարտադիր նախատեսում է հիվանդի կենսակերպի վերահսկողություն՝ անվնաս սննդակարգ, ծխելուց եւ ալկոհոլից ամբողջական հրաժարում, սթրեսի մակարդակի նվազեցում:



© NEWS.am Medicine