Ինչպե՞ս պետք է պատրաստվել զանգվածային թունավորումներին. ֆրանսիացի մասնագետը կիսում է փորձը հայ գործընկերների հետ

20:49   7 հոկտեմբերի, 2017

Զանգվածային թունավորումները սովորաբար անսպասելի են լինում, բայց բուժհաստությունները դրանց պետք է պատրաստ լինեն։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեց Փարիզի Դիդրոյի համալսարանի պրոֆեսոր, «Լարիբուազիեր» հիվանդանոցի բժշկական եւ թունաբանական ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Բրունո Մեգարբանը։ Երեւանում նա մասնակցում է «Նոր մոտեցումներ Անեսթեզիոլոգիայում եւ ինտենսիվ թերապիայում» սեմինարին։

«Իմ զեկույցները նվիրված են տարբեր թեմաների, այդ թվում՝ մեթանոլով թունավորմանն ու նոր հոգեակտիվ նյութերին։ Այս թեմաներն ու առաջարկվող նոր մոտեցումները բավականին արդիական են հատկապես Եվրոպայում, - նշեց Բրունո Մեգարբանը։

Նա տեղեկացրեց, որ իր զեկույցներից մեկում մանրամասն անդրադառնում է Չեխիայում 2012 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած մեթանոլային թունավորմանը։

«Այս դեպքից մենք շատ հետեւություններ ունենք անելու։ Բազմաթիվ մարդիկ օգտագործելով մեթանոլ պարունակող ալկոհոլային խմիչքներ, թունավորվեցին եւ տեղափոխվեցին բուժհաստատություններ։ Պետք է հասկանալ, որ մեթանոլը թույն է եւ կարող է առաջացնել բազմաթիվ առողջական խնդիրներ՝ դառնալով կուրության եւ մահվան պատճառ», - հայտնեց Մեգարբանը։

Նա հույս հայտնեց, որ մեթանոլով թունավորումների վերաբերյալ իր զեկույցը կօգնի պատասխանելու մի շարք հարցերի, այդ թվում՝ ինչպե՞ս պատրաստվել, ի՞նչ հակաթույներ ընտրել, ինչպե՞ս կազմակերպել բուժհաստատություններում բժշկական օգնությունը։

«Զանգվածային թունավորումների ժամանակ բազմաթիվ մարդիկ միաժամանակ գնում են բուժհաստատություններ՝ հակաթույն եւ բուժում ստանալու։  Նման դեպքերում, մարդկանց պատշաճ բժշկական օգնությամբ միաժամանակ ապահովելը բուժհաստատությունների համար հաճախ խնդիրներ է առաջացնում։ Իհարկե, զանգվածային թունավորումները երբեմն անսպասելի են լինում, սակայն, դրանց պետք է պատրաստ լինել, քանի որ դրանք կարող են հասցնել առողջական վնասներ եւ խլել բազմաթիվ մարդկային կյանքեր», - հայտնեց Մեգարբանը։

Նշենք, որ 2012 թվականին Չեխիայի հանրապետությունում ապօրինի պատրաստված մեթանոլ պարունակող ալկոհոլից մասսայական թունավորումներ էին գրանցվել։ Վատթարացել էր բազմաթիվ մարդկանց առողջական վիճակը, իսկ մինչեւ 2014 թվականի ապրիլը մեթանոլի ազդեցությունից մահացել էր 51 հոգի։

 



© NEWS.am Medicine