Աշխարհում մեղրի 75 տոկոսը վնասակար նյութեր է պարունակում

11:54   9 հոկտեմբերի, 2017

75 տոկոս դեպքերում մեղրը պարունակում է պեստիցիդներ, որոնք վնասակար են ե՛ւ մեղուների, ե՛ւ մարդկանց համար, պնդում են Science ամսագրում լույս տեսած հոդվածի հեղինակները։

Շվեյցարացի գիտնականներն ուսումնասիրել են աշխարհի տարբեր ծայրերից հավաքած մեղրի 198 նմուշ եւ եկել անմխիթար եզրակացության. լավ ու մաքուր մեղրն այսօր հազվագյուտ է հանդիպում։ Ամենավատը եղել են Լեհաստանից ու Գերմանիայից բերված մեղրի նմուշները։ Ստուգումները դրանց մեջ ի հայտ են բերել օրգանիզմի վրա կործանարար ազդեցություն թողնող պեստիցիդներ։

Գիտնականները նաեւ  հայտնել են, որ աշխարհի տարբեր ծայրերից հավաքած մեղրի ¾–ում նեոնիկոտինոիդների դասին պատկանող որեւէ նյութ կա, որն օգտագործում են բերքը վնասատուներից փրկելու համար։ Մեղրի նմուշների 45 տոկոսում 2 կամ ավելի քիմիկատներ են եղել, իսկ 10  տոկոսում՝ 4 կամ 5։

«Պեստիցիդներ պարունակող մեղրում առկա նյութերի չափաբաժինը այնքան մեծ չէ, որպեսզի առողջությանը լուրջ վնաս հասցնի։ Սակայն նման մեղրի մշտական օգտագործման հետեւանքը դժվար է կանխատեսել»,– ասում են հոդվածի հեղինակները։



© NEWS.am Medicine