Կրծքագեղձի քաղցկեղի պատճառ կարող է դառնալ բակտերիալ դիսբալանսը. հետազոտություն

11:58   10 հոկտեմբերի, 2017

Գիտնականներն առաջին անգամ կրծքագեղձի քաղցկեղի եւ բակտերիալ դիսբալանսի միջեւ կապ են տեսել։ Համեմատելով առողջ եւ կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց օրգանիզմներում միկրոբների քանակը՝ նրանք որոշ տարբերություններ են նկատել։

ԱՄՆ–ի Cleveland Clinic's Genomic Medicine Institute-ի գիտնականները պարզել են, որ առողջ կանանց կրծքագեղձերի հյուսվածքներում ավելի շատ են Methylobacterium դասի մանրէները։ Նշենք, որ վերջին տարիներին հետազոտությունների մեծ մասը կենտրոնացած է եղել աղիների միկրոբիումի, այսինքն՝ աղեստամոքսային տրակտի մանրէների վրա։ Սակայն գիտությունն արդեն վաղուց կասկածում էր, որ կանանց կրծքագեղձերն ունեն նաեւ իրենց միկրոբիումը, որը կարեւոր դեր է խաղում կրծքագեղձի քաղցկեղի զարգացման գործում։

Ամերիկացի գիտնականներին հաջողվել է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կանանց մոտ այդ մանրէների կոմպոզիցիան հասկանալու առաջին քայլն անել, երբ իրենք պարզել են, որ առողջ եւ ախտահարված կրծքի  հյուսվածքների մանրէների միջեւ մեծ տարբերություն կա։ Հետազոտության հեղինակները հույս ունեն հայտնաբերել բիոմարկերը, որը կօգնի արագ եւ պարզ ախտորոշել կրծքագեղձի քաղցկեղը։ Իսկ ապագայում հնարավոր կլինի այդ տեղեկությունն օգտագործել նախքան կրծքագեղձի քաղցկեղի առաջացումը, ինչը թույլ կտա պրոբիոտիկների եւ հակաբիոտիկների օգտագործման միջոցով ուղղակի կանխել ուռուցքների գոյացումը։

Գիտնականներն իրենց եզրակացություններն արել են 78 հիվանդի հյուսվածքների ուսումնասիրության հիման վրա, որոնք ինվազիվ կարցինոմայի պատճառով կամ մաստեկտոմիա են կատարել կամ կրծքի կոսմետիկ վիրահատության ենթարկվել։

Բացի այդ, գիտնականներն ուսումնասիրել են բերանի խոռոչի լորձաթաղանթն ու մեզը՝ մարմնի տարբեր գոտիներում մանրէների կոմպոզիցիաները պարզելու համար։ Methylobacterium-ից բացի, քաղցկեղով հիվանդների մեզի մեջ գրամդրական մանրէների, այդ թվում՝  Staphylococcus-ի եւ Actinomyces-ի բարձր մակարդակ է գրանցվել։ Հետագա ուսումնասիրություններն անհրաժեշտ են այդ օրգանիզմների դերը կրծքագեղձի քաղցկեղի զարգացման գործում պարզելու համար։



© NEWS.am Medicine