Հայաստանի բնակչության շրջանում կա վիտամին D-ի արտահայտված դեֆիցիտ. հետազոտություն

21:25   10 հոկտեմբերի, 2017

Հայաստանի բնակչության շրջանում կա վիտամին D-ի արտահայտված դեֆիցիտ՝ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը արեւոտ երկիր է։ Նման եզրակացության են եկել «Աստղիկ» ԲԿ  մասնագետները՝  2016-2017թթ. պացիենտների արյան մեջ վիտամին D-ի մակարդակի հետազոտությունների արդյունքում։ Առաջին հետազոտության մեջ հավաքվել են 2200 պացիենտի արյան մեջ վիտամին D-ի քանակի մասին տվյալները, երկրորդ հետազոտության մեջ ամփոփվել են 4000 պացիենտի տվյալները։ Չնայած երկրորդ հետազոտությունը ցույց է տվել, որ ցուցանիշները զգալիորեն բարելավվել են ակտիվ քարոզչության եւ բժիշկների նշանակումների շնորհիվ, այդուհանդերձ ընդհանուր պատկերը դեռեւս հեռու է նորմայից։

NEWS.am Medicine–ի հետ զրույցում «Աստղիկ» ԲԿ լաբորատորիայի վարիչ Մարինե Մանուկյանն ասաց, որ առաջին հետազոտության արդյունքներն անգամ բժիշկների համար անսպասելի էին, քանի որ Հայաստանը՝ որպես արեւոտ երկիր, միշտ վիտամին D–ի դեֆիցիտի առումով ցածր ռիսկային գոտում է եղել։

«Թվում էր, թե Հայաստանը արեւոտ երկիր է, եւ բնակչության շրջանում վիտամին D-ի պակաս չպետք է լինի։ Սակայն առաջին հետազոտությանը մասնակցած 2200 հոգուց վիտամին D-ի քանակության նորմային համապատասխան ցուցանիշներ են գրանցվել  ընդամենը 7 տոկոսի մոտ, իսկ 4 տոկոսի պարագայում ցուցանիշները նորմայից մոտավորապես 10 անգամ ցածր էին։ Որոշ ժամանակ անց՝ ձմռան ամիսներին եւ մարտին, նորից կրկնեցինք հետազոտությունը նույն մարդկանց շրջանում։ Ընտրեցինք այս ժամանակահատվածը արեւի պակասի պատճառով։ Հետազոտության արդյունքներից պարզ դարձավ, որ ցուցանիշները փոխվել են։ Նորմալ ցուցանիշներ գրանցած պացիենտների թիվը պակասել էր,  եւ զուգահեռաբար բարձրացել էր 10 անգամ ցածր ցուցանիշ գրանցածների թիվը», - նշեց Մարինե Մանուկյանը։

Լաբորատորիայի վարիչը նաեւ հավելեց, որ նյարդաբանական ստացիոնար բաժնում պառկած հիվանդներից ոչ մեկի մոտ վիտամին D-ի քանակությունը նորմային չի համապատասխանել։ Իսկ ամենից շատ քանակությունը հայտնաբերել են ազգությամբ արաբ մի այցելուի մոտ։ Ըստ նրա՝ դա պայմանավորված է կլիմայով եւ այլ առանձնահատկություններով։

«Հետաքրքիր էր նաեւ այն, որ 65 տարեկանից բարձր կանանցից ընդամենը 1 տոկոսի մոտ է վիտամին D-ի քանակությունը համապատասխանել նորմային։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ի տարբերություն կանանց՝ հայ տղամարդկանց մոտ այս վիտամինի քանակությունն ավելի շատ է։ Հատկանշական է, որ Ռուսաստանի Դաշնությունում հակառակ պատկերն է գրանցվել. ռուս տղամարդկանց մոտ վիտամին D-ի քանակությունն ավելի քիչ է», - տեղեկացրեց  Մարինե Մանուկյանը։

Նրա խոսքով՝ 4000 պացիենտի շրջանում եւս մեկ հետազոտություն է իրականացվել ամռանը։ Հետազոտվողների շրջանում նորմալ ցուցանիշ է գրանցվել 20 տոկոսի մոտ։  Ըստ նրա՝ համեմատաբար բարձր ցուցանիշը պայմանավորված էր նրանով, որ մարդիկ վերադարձել էին ծովափերից, ընդունել էին արեւայրուք։

«Ճիշտ է, հետազոտությունները վկայում են վիտամին D-ի դեֆիցիտի մասին, սակայն, երբ 1 տարի անց նորից հետազոտություն իրականացրեցինք, պատկերը բավականին փոխվել էր։ Եթե առաջին հետազոտության ժամանակ  նորմայից ցածր ցուցանիշ էր գրանցվել 4 տոկոսի դեպքում, այս անգամ այդ թիվը նվազել էր եւ հասել 0.4 տոկոսի»,- հայտնեց լաբորատորիայի ղեկավարը՝ նշելով, որ հետազոտվողների մեջ շատ է եղել կրկնակի եւ դինամիկ հետազոտվողների թիվը։

Ընդհանուր առմամբ մեկ տարի անց ստացվել է հետեւյալ պատկերը.

2016

2017

≤3ng/ml (նորմայից 10 անգամ ցածր)

4%

0.4%

≤10ng/ml (արտահայտված դեֆիցիտ)

28%

8%

10-20ng/ml (դեֆիցիտ)

42%

34%

10-20ng/ml (անբավարարություն)

19%

31.3%

30-75ng/ml (նորմա)

7%

20%


Ըստ Մարինե Մանուկյանի՝ այս տվյալները խոսում են ինչպես «Աստղիկ» ԲԿ մասնագետների ճիշտ աշխատանքի, այնպես էլ այն մասին, որ բնակչության շրջանում աճել է իրենց առողջությանը հետեւող մարդկանց թիվը։

NEWS.am Medicine-ի հարցին, թե ինչ քայլեր կարելի է ձեռնարկել, որպեսզի վիտամին D-ի պակասն իրեն զգացնել չտա, Մարինե Մանուկյանը պատասխանեց, որ ցանկալի է՝ գոնե մեկ անգամ անցնել անհրաժեշտ հետազոտություն եւ պարզել, թե որքան է վիտամին D-ի քանակությունը։  

Ինչ վերաբերում է սննդի՝ մասնավորապես ձկնեղենի, կաթնամթերքի միջոցով վիտամինի պակասը լրացնելուն, մասնագետը նշեց, որ դրանց օգուտն իրականում չնչին է։ Վիտամին D–ի հիմնական աղբյուրը արեւն է, բայց ժամանակակից մարդը դրսում՝ արեւի տակ, շատ քիչ ժամանակ է լինում։ Ըստ այդմ, հետազոտվելն ու բժշկի նշանակումներին հետեւելը ամենից խելամիտ որոշումը կլինի։



© NEWS.am Medicine