«Նուբարաշենում» կրճատումներ չեն եղել ու չեն լինի․ գլխավոր հոգեբույժ

20:21   10 հոկտեմբերի, 2017

«Նորք» եւ «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկաների միաձուլման արդյունքում ոչ մի բժիշկ չի կրճատվել ու չի կրճատվի։ Այդ մասին, պատասխանելով NEWS.am Medicine-ի թղթակցի հարցին, հայտնել է Հայաստանի ԱՆ գլխավոր հոգեբույժ Արեգա Հակոբյանը։

Նա հիշեցրել է, որ սեպտեմբերի 22-ին կառավարության որոշումով հոգեբուժության ոլորտում օպտիմալացման շրջանակներում սկսվել է երկու վերոնշյալ հոգեբուժական կլինիկաների միաձուլումը, ու 3 ամսում անհրաժեշտ է լինելու հարթել այդ միաձուլման հետ կապված բոլոր խնդիրները։ Մասնավորապես «Նորք» կլինիկայի ամբողջ բուժանձնակազմը պետք է տեղափոխվի «Նուբարաշեն»:

Միաձուլման ընթացքում, գլխավոր հոգեբույժի խոսքով, կրճատման տակ են հայտնվել «Նուբարաշենի» ադմինիստրատիվ աշխատակիցները, բայց ոչ բժիշկները։ Որոշ բժիշկներ, սակայն, հնարավոր է հեռացել են կամ թոշակի են անցել, որպեսզի նրանց փոխարինելու գան երիտասարդ մասնագետները։

«Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Նուբարաշենում բժիշկների շրջանում կրճատումներ չեն եղել»,- նշել է հոգեբույժը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հոգեբուժական ոլորտում իրականացվում են որոշակի վերափոխումներ։ Մասնավորապես «Նորք» կլինիկան փակվում է, դրա հիվանդներն ու բուժանձնակազմը պետք է տեղափոխվեն «Նուբարաշեն»:

Մեր տվյալներով՝ «Նորքից» «Նուբարաշեն» տեղափոխված նոր տնօրեն Գագիկ Միրիջանյանն աշխատանքից հեռացրել է Սամվել Թորոսյանի նախկին աշխատակազմին ու տեղակալներ նշանակել իր մտերիմ մարդկանց։ Նրա աշխակազմում նոր հաստիք է հայտնվել՝ միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական։



© NEWS.am Medicine