Գյումրիում ծնված եռյակի ծնողները մինչեւ վերջին պահը կարծում էին, որ երկվորյակ են ունենալու (ֆոտո)

11:54   11 հոկտեմբերի, 2017

26-ամյա Սաթենիկ Սիմոնյանը եւ իր ամուսինը շատ էին զարմացել՝ իմանալով, որ իրենք շուտով եռյակ են ունենալու։ Հղիության 35 շաբաթների ընթացքում նրանք կարծում էին, որ երկվորյակների են սպասում։ Գյումրիում ծնված աղջիկներին անվանել են Անահիտ, Սվետլանա եւ Ծովինար։

NEWS.am Medicine–ի  հետ զրույցում Գյումրիի ծննդատան տնօրեն Վարդան Սարգսյանն ասաց, որ հղիության ընթացքում Սաթենիկը մի քանի անգամ ուլտրաձայնային հետազոտություն է անցել մարզային բուժկենտրոնում, սակայն ամեն անգամ պտուղների դիրքն այնպիսին է եղել, որ երրորդին չեն նկատել։ Նրա գոյության մասին ոչ ոք չէր էլ կասկածում։ Սաթենիկի տոհմում շատ կան երկվորյակներ, ուստի նա էլ էր մտածում, որ երկվորյակ է ունենալու։

Երբ Սաթենիկը Գյումրիի ծննդատուն էր եկել հղիության 35–րդ շաբաթում, նրան նորից էին ուլտրաձայնային հետազոտություն արել եւ հայտնաբերել երրորդ երեխային։ 10 օր կինը պառկած էր ծննդատանը, որտեղ բժիշկները փորձում էին հնարավորինս երկարաձգել հղիությունը։ Հոկտեմբերի 9–ին՝ 36–րդ շաբաթը լրացած, նրան կեսարյան հատում էին արել։ Ծննդատան տնօրենը բացատրեց, որ 3 աղջիկները խանգարում էին միմյանց եւ չէին կարող ծնվել բնական ճանապարհով։

Ծնվելիս երեխաները կշռում էին 1500, 1600 եւ 1700 գրամ։ Տնօրենի խոսքով՝ անգամ երեքը միասին նրանք ավելի քիչ են կշռում, քան նախօրեին 5400 գրամ քաշով ծնված տղան։

Բժիշկների կարծիքով աղջիկներից երկուսը, ամենայն հավանականությամբ, միազիգոտ երկվորյակներ են, քանի որ շատ են նման իրար։ Երրորդը  նրանց նման չէ, հավանաբար առանձին է բեղմնավորվել։



© NEWS.am Medicine