Ինչո՞ւ են տղամարդիկ ավելի եսասեր, քան կանայք

22:27   11 հոկտեմբերի, 2017

Շվեյցարիայի, Նիդերլանդների ու Գերմանիայի գիտնականները կարողացել են հաստատել այն տեսակետը, որ կանայք տղամարդկանցից բարի են ու նվազ հակված եսասիրության։ Նրանց հետազոտությունը հրապարակվել է Nature Human Behaviour ամսագրում։

«Հայտնի է, որ տղամարդիկ ու կանայք իրենց տարբեր կերպ են դրսեւորում, բայց հայտնի չէր, թե ինչու ու ինչպես են այդ տարբերություններն արտացոլվում ուղեղի աշխատանքում»,- նշել է հետազոտության հեղինակներից մեկը, Ցյուրիխի համալսարանի նեյրոէկոնոմիկայի ու սոցիալական նեյրոգիտությունների դոցենտ Ֆիլիպ Թոբլերը։

Հետազոտողները մի քանի փորձեր են իրականացրել, որպեսզի որոշեն, արդյոք կանանց ու տղամարդկանց ուղեղի բիոքիմիական կազմի տարբերությունները կարող են ինչ-որ կերպ անդրադառնալ նրանց առատաձեռնության, սրտացավության ու եսասիրության վրա։

Փորձերին մասնակցել է 55 կամավոր՝ 27 կին ու 28 տղամարդ։ Նրանց պատահական ընտրությամբ բաժանել են երկու խմբի՝ առաջին խմբին ներարկել են ամիսուլպրիդ կոչվող նեյրոլեպտիկ, որն արգելափակում է դոֆամինային ռեցեպտորների գործողությունը։ Երկրորդ խումբը ստացել է պլացեբո ՝ կամավորներից ոչ մեկը չգիտեր, թե ինչ են նրան ներարկել։

Այնուհետեւ այդ մարդկանց համար մոդելավորել են երկու իրավիճակ։ Առաջին իրավիճակում պետք էր ընտրել՝ կամ միանձնյա ստանալ որոշակի գումար, կամ այն կիսել խմբի անդամներից որեւէ մեկի կամ էլ առհասարակ օտար մեկի հետ։ Երկրորդ դեպքում մասնակիցներին նույնպես գումարային պարգեւ էր առաջարկվում, բայց նրանք պետք է որոշեին ավելի քիչ գումար ստանային միանգամից, թե՞ ավելի մեծ գումար՝ 90 օր հետո։

Երբ կամավորները պատասխանել են հարցերին, փորձը կրկնել են, փոխելով դեղամիջոցները՝ հիմա առաջին խումբն էր ստանում պլացեբո, իսկ երկրորդ խումբը՝ նեյրոլեպտիկ։

Արդյունքները հետեւյալ պատկերն ունեին՝ պլացեբո ստացած կանանց 51 տոկոսը նախընտրել է իր գումարը կիսել, իսկ տղամարդկանց շրջանում ընդամենը 40 տոկոսն է ցանկացել կիսել իր գումարը։ Մինչդեռ ամիսուլպրիդի ազդեցության տակ իրենց գումարը կիսելու ցանկություն է հայտնել կանանց 45 եւ տղամարդկանց 44 տոկոսը։

Երկրորդ հետազոտության մեջ գիտնականները վերլուծել են տղամարդկանց ու կանանց ուղեղի տոմոգրաֆիայի արդյունքները, որոնք արվել էին, երբ նրանք որոշում էին կայացնում գումարը կիսելու մասին։ Փորձը ցույց է տվել, որ կանանց ուղեղում, որոնք «սոցիալական ընտրություն» են կատարել, ավելի շատ դոֆամին կա, քան տղամարդկանց ուղեղի համապատասխան մասում։

Այսպիսով երկու փորձերն էլ ցույց են տալիս, որ ուղեղի «պարգեւատրման համակարգը» , որը դոֆամինի հիմքով է աշխատում,  կանանց դրդում է ավելի մեծ ալտրուիստական արարքների, իսկ տղամարդկանց՝ ավելի եսասիրական արարքների։

Հետազոտողները նկատել են, որ դեռ անհասկանալի է այն հարցը, արդյոք այդ գենդերային տարբերությունները բնածին են, թե առաջանում են սոցիալական միջավայրի ազդեցության տակ։ Այդուհանդերձ գիտնականները կարծում են, որ կանայք իրենց «սոցիալականության» համար ավելի շատ դոֆամին են ստանում, որը վճռորոշ դեր է կատարում ուղեղի պարգեւատրման համակարգում։



© NEWS.am Medicine