500 տարում ծխելն այնքան կյանքեր է խլել, որքան բոլոր ինֆեկցիոն հիվանդությունները

15:17   12 հոկտեմբերի, 2017

Մեր տարածաշրջանում ծխախոտի պատմությունը սկսվել է ավելի քան 500 տարի առաջ, եւ այս ժամանակահատվածում ծխելն այնքան կյանքեր է խլել, որքան բոլոր ինֆեկցիոն հիվանդությունների համաճարակները միասին վերցրած։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժ, «Արաբկիր» ԲԿ–ին կից Երեխաների ու դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանը։

ԱՀԿ տվյալների համաձայն՝ 20-րդ դարում ծխախոտ ծխելը խլել է առնվազն 100 մլն կյանք ամբողջ աշխարհում, իսկ 21-րդ դարում ծխախոտի եւ դրա հետեւանքով առաջացած հիվանդությունների զոհերի թիվը կհասնի մինչեւ 1 մլրդ։

Սերգեյ Սարգսյանի խոսքով՝ ժամանակակից մարդը ծխախոտի ծխի ազդեցության է ենթարկվում դեռ մոտ արգանդում։ Երբ հղի կինը շնչում է այդ ծուխը, ընդ որում, պարտադիր չէ, որ նա ծխող լինի, բավարար է նաեւ պասիվ ծխող լինելը, քիմիական նյութերը սկսում են վնասել պտղին։

Երբ երեխան ծնվում է, նա հաճախ պասիվ ծխող է դառնում, եւ այդ ծուխը սկսում է դանդաղ, բայց վստահ քայքայել նրա առողջությունը։ Առաջին հերթին տուժում է երեխայի շնչառական համակարգը։ Որոշ դեպքերում նրանց մոտ զարգանում է ասթմա կամ այլ հիվանդություն, իսկ որոշ դեպքերում ծխախոտի հասցրած վնասն իր մասին հիշեցնում է տարիներ անց։

Սերգեյ Սարգսյանի տվյալներով՝ Հայաստանում երեխաների մոտ 50 տոկոսը կանոնավոր կերպով ծխախոտի ծուխ է շնչում։ Դա հաճախակի հիվանդանալու պատճառ է դառնում, քանի որ պասիվ ծխելը երեխայի օրգանիզմն ավելի խոցելի է դարձնում հիվանդությունների առաջ։

Եթե երեխան մեծանալով ինքն էլ է սկսում ծխել, նրա մոտ էապես մեծանում է որոշ, այդ թվում՝ օնկոլոգիական եւ սրտանոթային հիվանդությունների ռիսկը։ Մասնագետը նշեց, որ այդ ամենը լուրջ տնտեսական եւ ժողովրդագրական խնդիր է, հատկապես Հայաստանի նման փոքր երկրի համար։



© NEWS.am Medicine