Պետք է երիտասարդներին անվճար մարզվելու հնարավորություն տրվի, որպեսզի պատերի տակ չծխեն. իրավապաշտպան

16:25   12 հոկտեմբերի, 2017

Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիան, որը միացել է ծխախոտի դեմ պայքարին, մտադիր է պաշտպանել չծխողների, այդ թվում՝ անչափահասների եւ պասիվ ծխողների ոտնահարվող իրավունքները։ Հոկտեմբերի 12-ին՝ Ծխելու դեմ պայքարի միջազգային օրը, նման հայտարարություն է արել Միության նախագահ Մելիտա Հակոբյանը։

Նա հավելեց, որ ծխելու դեմ պայքարը չի ենթադրում ոտնահարել ծխողների իրավունքները, այն ուղղված է պասիվ ծխողներին առողջական խնդիրներից պաշտպանելուն։

Իրավապաշտպանի խոսքով՝ 2016 թվականի տվյալներով՝ Հայաստանում  15-19 տարեկան տղամարդկանց շրջանում ծխում է 15.1 տոկոսը, 20-34 տարեկանների շրջանում՝ 64.4 տոկոսը, իսկ 35-49 տարեկանների շրջանում՝ 62.1 տոկոսը։ 50-64 տարեկանների շրջանում ծխողների թիվը կազմում է 56.6 տոկոս, իսկ 65 տարեկանից մեծերի շրջանում՝30.3 տոկոս։ Ծխող կանանց թիվը տատանվում է 5 տոկոսի սահմանում։

Հակոբյանի խոսքով՝ 2016 թվականին ընտանիքներում հարցումները վկայում են, որ երեխաների 53.1 տոկոսը երկրորդային ծխի ազդեցության տակ է գտնվում, իսկ 2.3 տոկոսը՝ երբեմն–երբեմն, երբ հյուրեր են գալիս տուն։ Իսկ ծնողներն ամաչում են արգելել նրանց տանը ծխել։ Եվ միայն 37.9 տոկոսն է նշել, որ իրենց տանն առհասարակ չեն ծխում։

«Հայաստանի 73 տոկոս փակ կամ բաց աշխատանքային հաստատություններում ծխում են»,– ասել է նա՝ հավելելով, որ Միությունը նամակներ է գրել մի շարք հաստատություններ՝ խնդրելով միանալ «առանց ծխի միջավայր» նախաձեռնությանը։ Դրան արդեն միացել է 25 կազմակերպություն, այդ թվում՝ որոշ ԲՈՒՀ–եր եւ գիտական հաստատություններ ու 4 իրավապաշտպան կազմակերպություն։

Հայաստանի սպառողների ազգային  միությունը նաեւ կողմ է օրենսդրական փոփոխություններին, որոնց արդյունքում արգելք կսահմանվի փակ տարածքում ծխելու եւ առեւտրի կետերում ծխախոտի գովազդի վրա, ասել է նա։

Մելիտա Հակոբյանը հավելեց, որ սկզբունքորեն ինքը դեմ է գրպանին հարվածելուն, սակայն այլ գործող մեխանիզմներ այս դեպքում չկան։ Ընդ որում, նա նշել է, որ տուգանել է պետք ոչ թե ծխողներին, այլ բարերի եւ ռեստորանների տերերին, հաստատությունների ղեկավարներին, որոնք իրենց տարածքում թույլ են տալիս ծխել։

Մելիտա Հակոբյանը հիշեցրեց, որ ՀՀ բնակչությունը հիմնականում աղքատ է, եւ հարուստների կառուցած մարզական համալիրներն անհասանելի են երիտասարդների մեծ մասի համար։ Նա այդ համալիրների տերերին առաջարկել է ցերեկային ժամերին, երբ դպրոցներում եւ ԲՈՒՀ–երում ավարտվում ենպարապմունքները, երիտասարդներին եւ դեռահասների հնարավորություն տալ անվճար կամ նվազագույն գնով մարզվել։ Նա վստահություն է հայտնել, որ սպորտով զբաղվելը երիտասարդներին հետ կպահի «պատերի տակ հավաքվելու եւ ծխելու» վնասակար սովորությունից։



© NEWS.am Medicine