Հայաստանը վերարտադրողական առողջության հասանելիությամբ առաջատար երկրներից է. ՄԱԿ

13:00   17 հոկտեմբերի, 2017

Հայաստանը վերարտադրողական առողջության հասանելիությամբ աշխարհի առաջատար երկրներից մեկն է: Այս մասին նշված է Worlds Apart: Reproductive health and rights in an age of inequality զեկույցում: Հայ լրագրողներին այս զեկույցը ներկայացրեց ՄԱԿ Ազգաբնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ 2008 թվականից Հայաստանում ներդրվել են ծննդաբերական հավաստագրերը, որոնք հղի կանանց անվճար խորհրդատվություն ստանալու եւ անվճար ծննդաբերելու հնարավորություն են տվել: Գարիկ Հայրապետյանը նշեց, որ այդ ժամանակից ի վեր երկրում հղի կանանց 99 տոկոսից ավելին մասնագետների հսկողության տակ են եւ անցնում են անհրաժեշտ բոլոր թեստավորումներն ու խորհրդատվություն ստանում: Զեկույցի համաձայն՝ սա աշխարհում լավագույն ցուցանիշներից մեկն է:

Ըստ մայրական մահացության ցուցանիշի եւս Հայաստանում զգալի առաջընթաց է գրանցվել. 2000 թվականից մայրական մահացության ցուցանիշը 3 անգամ նվազել է՝ 2000 թվականին այս ցուցանիշը կազմել է 100 հազար կենդանածիններից 60-ից ավելի, իսկ 2015 թվականին՝ 19.6:

Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում մայրական մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Ղրղզստանում (100 հազարից 76 դեպք), ամենացածրը՝ Բելառուսում (100 հազարից 4): Համեմատության համար՝ Ադրբեջանում մայրական մահացության ցուցանիշը կազմում է 100 հազարից 25 դեպք, Վրաստանում՝ 36, Թուրքիայում՝ 16, Ուկրաինայում՝ 24, Ռուսաստանում՝ 25:

Ինչ վերաբերում է համաշխարհային վիճակագրությանը, զեկույցի համաձայն՝ մայրական մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Սիերա Լեոնեում (100 հազարից 1360 դեպք), ամենացածրը՝ (100 հազարից 3) Ֆինլանդիայում, Հունաստանում, Իսլանդիայում եւ Լեհաստանում:

Նշենք, որ Worlds Apart: Reproductive health and rights in an age of inequality զեկույցը նվիրված է սեռական անհավասարության ազդեցության եւ երկրի տնտեսությամբ պայմանավորված վերարտադրողական առողջության անհասանելիության մեխանիզմների ըմբռնմանը:



© NEWS.am Medicine