Պլաստիկ վիրաբուժությունը ուռուցքաբանության անբաժանելի մասն է. հայտնի մասնագետ

21:50   21 հոկտեմբերի, 2017

Պլաստիկ վիրաբուժությունը ուռուցքաբանության անբաժանելի մասն է, քանի որ ուռուցքային հիվանդությունները բուժելու հետեւանքով առաջացած թերությունները վերականգնելու հնարավորություն է տալիս: NEWS.am Medicine-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց պլաստիկ վիրաբույժ Ռուբեն Ադամյանը (Ռուսաստան):

Նրա խոսքով՝ հիվանդներից շատերին թվում է, թե պլաստիկ վիրաբուժությունն ուղղված է միայն էսթետիկական թերությունները վերացնելուն եւ մարմնի ուրվագծերի փոփոխությանը: Իրականում էսթետիկական վիաբուժությունը պլաստիկ վիրաբուժության ընդամենը փոքր մասն է: Նրա մյուս՝ կարեւոր մասը վերականգնողական վիրաբուժությունն է, որը զբաղվում է օրգանի կամ մարմնամասի ձեւի եւ աշխատանքի վերականգնմամբ: Առավել հաճախ այսպիսի վիրահատությունների անհրաժեշտություն է առաջանում բնածին փոփոխությունների, վնասվածքների եւ վիրահատությունների հետեւանքների դեպքում:

Այս ուղղությունն անչափ կարեւոր է նաեւ ուռուցքաբանության մեջ. մասնագետը նշեց, որ քաղցկեղային հիվանդությունների վիրաբուժական բուժման դեպքում բժիշկները հաճախ ստիպված են ուռուցքի հետ միասին հեռացնել մարդու մարմնի հատվածներ, ինչը բացասաբար է ազդում նրա կյանքի որակի վրա: Պլաստիկ վիրաբուժությունը հնարավորություն է տալիս վերականգնել նման վիրահատությունների հետեւանքով կորցրած ֆունկցիաները, իսկ երբեմն վերականգնել նաեւ արտաքին տեսքը, որը պակաս կարեւոր չէ:

Ռուբեն Ադամյանի կարծիքով՝ Հայաստանում պլաստիկ եւ վերականգնողական վիրաբուժությունը լավ զարգացած է, եւ այստեղ բժիշկներ կան, որոնք հետվնասվածքային թերությունների եւ վերջույթների ձեւախախտումների ուղղությամբ աշխատանքի վիթխարի փորձ ունեն: Մասնագետի կարծիքով՝ նրանց փորձը միանգամայն արժանի է ներկայացնելու համաշխարհային մասշտաբի ցանկացած գիտաժողովներում ու կոնգրեսներում:



© NEWS.am Medicine