«Սիրեք ձեր ոսկրերը, պաշտպանեք ձեր ապագան». Այսօր Օստեոպորոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է

10:52   20 հոկտեմբերի, 2017

Միջազգային oստեոպորոզի hիմնադրամը (IOF), 240 ազգային անդամ-երկիր եւ աշխարհի ավելի քան 90 երկրում գործող օստեոպորոզի ասոցիացիաներն ամեն տարի հոկտեմբերի 20-ին նշում են Օստեոպորոզի դեմ պայքարի համաշխարհային օրը։ Կազմակերպիչների նպատակն է բարձրացնել հանրության իրազեկությունը հիվանդության կանխարգելման վերաբերյալ։ Այս տարի օրվա խորհուրդն ու կարգախոսն է. «Սիրեք ձեր ոսկրերը, պաշտպանեք ձեր ապագան»:

Օստեոպորոզի հետեւանքով ոսկրերը դառնում են թույլ, փխրուն եւ հեշտությամբ կոտրվում են։ Նույնիսկ աննշան անկումը կամ հանկարծակի շարժումը կարող է բերել կոտրվածքի: Օստեոպորոզից առաջացած կոտրվածքները կարող են կյանքին սպառնացող լինել, նաեւ դառնալ ցավերի ու երկարատեւ հաշմանդամության պատճառ: Քանի որ օստեոպորոզն ընթանում է առանց ախտանշանների,  խնդիր ունեցողները ժամանակին չեն դիմում բժշկի, եւ հիվանդության մասին իմանում են կոտրվածքներ ստանալուց հետո։

Աշխարհում 50 տարեկանից բարձր երեք կնոջից եւ հինգ տղամարդուց մեկն ունենում է  օստեոպորոտիկ կոտրվածք: 75 միլիոն մարդ Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ Ճապոնիայում հիվանդ է օստեոպորոզով: Հայաստանում օստեոպորոզով պայմանավորված կոտրվածքների թիվը (ոչ ողնաշարային) տարեկան հասնում է 3912-ի: 50 տարեկանից բարձր 100000 բնակչի շրջանում կոնքազդրի կոտրվածքների թիվը հասել է տղամարդկանց մոտ 136-ի եւ կանանց մոտ 201-ի:

 



© NEWS.am Medicine