Մեծ Բրիտանիան խնդրում է հանուն տրանսգենդերների չեղարկել «հղի կին» եզրույթը

11:58   23 հոկտեմբերի, 2017

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դիմել է ՄԱԿ–ին՝ «հղի կին» եզրույթը «հղի մարդ» տերմինով փոխարինելու խնդրանքով՝ հանուն տրանսգենդերների իրավունքների պահպանման։ The Times թերթը գրում է, որ Լոնդոնը խնդրում է փոխել 1976-ին ստորագրված ՄԱԿ Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին միջազգային պակտը։

Փաստաթղթում ասվում է, որ «հղի կինը» պետք է գտնվի հատուկ պաշտպանության ներքո, նրան չի կարելի մահապատժի ենթարկել։ Բայց այդ եզրը «բացառում է տրանսգենդերներին, որոնք նույնպես կարող են հղի լինել»։ Նախաձեռնությունը բացասական արձագանք է ստացել Մեծ Բրիտանիայի ֆեմինիստական շրջանակներում, գրում է թերթը։ Գրող Սառա Դիթումն այն անվանել է «վիրավորական, քանի որ այն կնոջը զրկում է իրեն կին կոչելու իրավունքից՝ մոլեռանդ պիտակավորվելու վախից»։

ԱԳՆ-ում հերքում են այդ մեղադրանքները։ «Մենք ամբողջովին աջակցում ենք հղի կանանց կյանքի իրավունքը ու ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովին խնդրել ենք տրանսգենդերներին էլ չբացառել այդ իրավունքից»,- ասել են ԱԳՆ-ում։ Հոկտեմբերի 8-ին հայտնել էին, որ Ֆինլանդիայում բժիշկները բախվել են հղի տրանսսեքսուալ տղամարդ երեւույթին։  Նշում են, որ այդ տղամարդը լույս աշխարհ էր եկել որպես կին, սակայն սեռափոխության վիրահատության է ենթարկվել ու 2016-ին ստացել տղամարդու անունով փաստաթղթեր։ Հետո տրանսսեքսուալը որոշել է ընդհատել հորմոնալ թերապիան, քանի որ ուզում էր հղիանալ։

Հունվարին Բրիտանիայի քաղաքացի Հայդեն Քրոսը, որը սեռափոխության է ենթարկվել ու կնոջից տղամարդու վերածվել, հայտնել էր, որ հղի է՝ դառնալով առաջին հղի տղամարդը երկրում։



© NEWS.am Medicine