Ռեւմատոիդ արթրիտը բարձրացնում է թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության զարգացման հավանականությունը

14:34   24 հոկտեմբերի, 2017

Ռեւմատոիդ արթրիտը բարձրացնում է թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության (ԹՔՕՀ) զարգացման հավանականությունը։ Այս մասին հայտնում են Arthritis research Canada եւ University of British Columbia համալսարանների մասնագետները։

Նրանք վերլուծել են ռեւմատոիդ արթրիտով 24 625 մարդու ու 25 396 առողջ կամավորների տվյալները։ ԹՔՕՀ պատճառով հոսպիտալացման հաճախականությունը ռեւմատոիդ արթրիտով մասնակիցների շրջանում ավելի բարձր էր, քան մնացածի մոտ։

Հետազոտողները հաշվի են առել նաեւ այլ գործոններ, որոնք կարող էին ազդել այդ արդյունքների վրա, օրինակ, ծխելը, որը նույնպես զգալիորեն բարձրացնում է ԹՔՕՀ զարգացման հավանականությունը։ Նույնիսկ այդ բոլոր գործոնները հաշվի առնելով՝ ռեւտատոիդ արթրիտով տառապող մարդկանց մոտ ԹՔՕՀ հավանականությունն ավելի բարձր մակարդակի վրա էր պահպանվում՝ 47 տոկոսով բարձր, քան ռեւմատոիդ արթրիտ չունեցողների մոտ։ Գիտնականների խոսքով՝ բանն այն է, որ բորբոքումը, որը առկա է օրգանիզմում ռեւմատոիդ արթրիտի ժամանակ, կարեւոր դեր է կատարում ԹՔՕՀ զարգացման ընթացքում։

Հիշեցնենք, որ ռեւմատոիդ արթրիտը քրոնիկ աուտոիմունային հիվանդություն է, որի ժամանակ գերազանցաբար ախտահարվում են ոտքերի ու ձեռքերի մանր հոդերը։



© NEWS.am Medicine