Որտե՞ղ է կիրառվում զանգվածային զուգահեռ սեկվենավորումը

19:11   26 հոկտեմբերի, 2017

Նոր սերնդի սեկվենավորման տեխնոլոգիայի ստեղծումը (այն նաեւ կոչում են զանգվածային զուգահեռ սեկվենավորում) արդեն այսօր շատ բան է փոխել գիտության բազմաթիվ ոլորտներում, ու ապագայում այդ տեխնոլոգիաները ավելի կարեւոր դեր են կատարելու։ Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ պատմել է ԴՆԹ փորձաքննության մասնագետ Մարի Ալլենը (Շվեդիա)՝ արդեն այսօր ակտիվ գործածվում են բժշկության, քրեագիտության, հնագիտության ու շատ այլ բնագավառներում։

Փորձագետը բացատրեց, որ սեկվենավորման տեխնիկայի օգնությամբ հնարավոր է որոշել ԴՆԹ ու ՌՆԹ նուկլեոտիդային հաջորդականությունն ու ստանալ դրա առաջնային կառուցվածքի ֆորմալ նկարագրությունը։ Անցյալում տեխնոլոգիաները հնարավորություն էին տալիս «կարդալ» գենոմի ընդամենը մի քանի հատվածներ, իսկ հիմա հնարավոր է միաժամանակ մշակել բազմաթիվ մասեր՝ ընդհուպ մինչեւ մի քանի հարյուր։ ԴՆԹ մեկ փորձաքննությունը կարող է մեկ օրից ավելին տեւել, բայց նոր սարքավորումների շնորհիվ հնարավոր է միաժամանակ իրականացնել բազմաթիվ փորձաքննություններ։

Սեկվենավորման նոր սերնդի տեխնոլոգիան ո՞ր ոլորտներում է այսօր կիրառվում

Նշենք, որ զանգվածային զուգահեռ սեկվենավորման համար անհրաժեշտ սարքավորում կա նաեւ Հայաստանում, ու հիմա մի քանի մասնագետներ անցնում են վերապատրաստում, որպեսզի սովորեն ճիշտ օգտվել դրանից։ Մարի Ալլենը բացատրեց, որ ԴՆԹ հետազոտության մեջ ամենաբարդ հարցը ստացված տվյալները հասկանալն ու ճիշտ մեկնաբանելն է։ Եթե օրինակ հետազոտության ընթացքում հիվանդի մոտ հայտնաբերվել են տասնյակ մուտացիաներ, պետք է կարողանալ հասկանալ, թե ինչի համար են պատասխանատու այդ մուտացիաները ու դրանցից որոնք են վտանգավոր հիվանդի համար։ Առանց ճիշտ մեկնաբանության՝ գենոմի հետազոտությունը ոչինչ չի տա։



© NEWS.am Medicine