Վիրաբույժ Սուրեն Ստեփանյանն ընտրվել է Վիրաբուժության Եվրոպական Միության նախագահ

11:38   27 հոկտեմբերի, 2017

«Արմենիա» ՀԲԿ վիրաբուժության կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, «Վիրաբույժների հայկական ասոցիացիայի» փոխնախագահ Սուրեն Ստեփանյանը սեպտեմբերի վերջին ընտրվել է Վիրաբուժության եվրոպական միության (ESS – European Society of Surgery) նախագահ:

Վիրաբուժության եվրոպական միությունը Եվրոպայի, նախկին ԽՍՀՄ-ի, Մերձավոր Արեւելքի մի քանի տասնյակ պետությունների վիրաբույժների ասոցիացիա է, որի հիմնական նպատակն է Արեւմտյան Եվրոպայի առավել զարգացած կլինիկաների, մասնագետների կողմից Արեւելյան Եվրոպայի եւ Ասիայի վիրաբույժներին մեթոդաբանական, մասնագիտական օգնության ցուցաբերումը: Կազմակերպությունը հիմնադրվել է 1990-ականներին իտալացի վիրաբույժ, պրոֆեսոր Սերջիո Ստիպայի (Հռոմի Լա Սապիենզա համալսարան) կողմից։

2016թ. վիրաբուժության եվրոպական միության 20-րդ կոնգրեսում, Նեապոլում Սուրեն Ստեփանյանը կազմակերպության վարչությանը ներկայացրել էր Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահ Մուշեղ Միրիջանյանի նամակները եւ հայտ 2018թ. կայանալիք կազմակերպության 22-րդ կոնգրեսը Երեւանում անցկացնելու նպատակով:

Վիրաբուժության Եվրոպական Միությունը (ESS – EUROPEAN SOCIETY OF SURGERY) այս տարի սեպտեմբերի 27-30-ը Լեհաստանի Կրակով քաղաքում գումարեց իր 21-րդ տարեկան կոնֆերանսը, որին մասնակցեցին նաեւ հայ վիրաբույժներ Երեւանի պետական բժշկական համալսարանից, «Արմենիա» ՀԲԿ-ից, «Էրեբունի» ԲԿ-ից, «Աստղիկ» ԲԿ-ից: Սեպտեմբերի 29-ին վիրաբուժության եվրոպական միության Գլխավոր ասամբլեայի ժամանակ կազմակերպության նախագահ ընտրվեց Սուրեն Ստեփանյանը եւ այսպիսով «Վիրաբույժների հայկական ասոցիացիան» ստանձնեց պարտավորություն Երեւանում անցկացնելու Հայաստանի վիրաբույժների եւ վիրաբուժության եվրոպական միության համատեղ կոնգրես, որը նախատեսվում է 2018թ. հոկտեմբերին։

 



© NEWS.am Medicine