Հայաստանում դեռահասների շրջանում ավելորդ ու ցածր քաշի խնդիրները հավասարաչափ ակտուալ են ․ հետազոտություն

17:06   30 հոկտեմբերի, 2017
Հայաստանում ավելորդ քաշ ունի 15-ամյա տղաների 14 եւ 15-ամյա աղջիկների 5 տոկոսը, այս մասին է վկայում «Դպրոցական երեխաների առողջության վարքագծի հետազոտությունը» , որն իրականացվել է Հայաստանում 2013-2014 թթ: Այս մասին հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արաբկիր բժշկական համալիր- Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի դեռահասներիառողջության ծրագրերի համակարգող Մարինա Մելքումովան։

Նա հավելել է, որ հակառակ ակնկալիքներին, թվերը զգալիորեն ավելի բարձր էին տղաների, այլ ոչ թե աղջիկների շրջանում, բայց միաժամանակ 15-ամյա աղջիկների 20 տոկոսն իրեն համարում է գեր ու արդեն այդ տարիքում դիմում է զանազան դիետաների, ինչն անթույլատրելի է ու կարող է նյարդային անորեքսիայի հանգեցնել։

Մարինա Մելքումովան հավելեց, որ 2013-2014 թթ․ հետազոտությունը կարող է չարտացոլել ավելորդ քաշի վերաբերյալ ամբողջական պատկերը, քանի որ տվյալները հավաքվել են հարցման միջոցով՝ դեռահասները պատասխանել են քաշի ու հասակի մասին հարցերին, իսկ չափումներ չեն կատարվել։ Մասնագետը պարզաբանեց, որ նոր հետազոտությունում, որը անցկացվում է հիմա (2017-2018 թթ), երեխաների քաշն ու հասակը չափվելու են՝ ավելի օբյեկտիվ պատկեր ստանալու համար։ Նա նաեւ նշեց, որ հարեւան երկրների համեմատ՝ մեր երկրում ցուցանիշները վատագույնը չեն, բայց կա վատացման միտում։

Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի գործադիր տնօրեն Եվա Մովսեսյանը նշեց, որ մեծահասակների ու դեռահասների շրջանում ավելորդ քաշի ու ճարպակալման խնդիրը ակտուալ է ամբողջ աշխարհում:  Ճարպակալման համաճարակը սկսվել է 20 տարի առաջ աշխարհի զարգացած երկրներից, բայց այսօր այդ երկրներին հաջողվել է կանգնեցնել համաճարակը՝ կրթական ծրագրերի, առողջ կենսակերպի քարոզման, դպրոցական ճաշարաններում առողջ սննդի կազմակերպման միջոցով։ Սակայն հիմա այդ խնդիրը սկսել է համառորեն թակել զարգացող երկրների դուռը ու Հայաստանն էլ է հայտնվել դրանց ցանկում։ Բայց Հայաստանում նույնքան ակտուալ է նաեւ ցածր քաշի խնդիրը, հավելեց նա։

«Չի կարելի ասել, որ մենք ճարպակալման համաճարակ ունենք։ Հայաստանում կա թե ավելորդ քաշի, թե ցածր քաշի խնդիր, այդ թվում փոքրահասակ երեխաների շրջանում։ Այսինքն մենք ունենք երկրի առողջապահության վրա այսպես կոչված կրկնակի ծանրաբեռնվածություն, երբ առկա է եւ՛ ավելորդ քաշի, եւ՛ ցածր քաշի խնդիր։ Ցածր քաշի տոկոսը դեռահասների շրջանում մոտավորապես նույն մակարդակի վրա է՝ 12-14 տոկոս»,- ասել է նա։

Դպրոցական երեխաների առողջության վարքագծի հետազոտությունն իրականացվում է չորս տարին մեկ պարբերականությամբ աշխարհի ավելի քան 40 երկրներում՝ ԱՀԿ հովանու ներքո։ 2013-2014 թթ․ Հայաստանում հավաքվել են տվյալներ 3679 դեռահասների մասին՝ 11,13, 15 ու 17 տարեկանների տարիքային խմբերում։ Ընթացիկ հետազոտության շրջանակում նրանց քանակը կարող է հասնել 6000-ի։



© NEWS.am Medicine