Գիտնականները գտել են կծու ուտելիքի նոր դրական հատկությունը

19:35   31 հոկտեմբերի, 2017

Կծու պղպեղը ու մյուս համեմունքները կարող են նպաստել ոչ միայն քաշի, այլեւ մեծ քանակությամբ աղ գործածելու ցանկության նվազմանը, ինչը բարերար ազդեցություն է թողնում սրտի ու անոթների առողջության վրա։

«Վերջերս մեր գործընկերները հայտնաբերել են, որ կապսաիցինի՝ պղպեղի կծու նյութի, փոքր քանակությունն ուժեղացնում է աղի համը։ Մենք ստուգել ենք՝ արդյոք այդ էֆեկտը ազդում է մարդու կողմից գործածվող աղի քանակության վրա»,- պատմել է Չժիմին Չժուն՝ Չինաստանի Երրորդ ռազմաբժշկական համալսարանից։

Երկու տարի առաջ կենսաբանները պարզել են, որ կծու ուտելիքը ստիպում է, որ ճարպային հյուսվածքն այրի, այլ ոչ թե իր մեջ կուտակի ավելորդ կալորիաները, արագացնում է նյութափոխանակությունն ու նվազեցնում օրգանիզմում բորբոքումների ընդհանուր մակարդակը։

Չժուն ու նրա գործընկերները հայտնաբերել են կծու սննդի եւս մեկ դրական հատկություն՝ հետազոտելով մոտ վեց հարյուր կամավորների սննդակարգը, որոնք համաձայնել էին որոշ ժամանակ սնվել շատ կծու ուտելիքներով։

Այդ դիտարկումները հանգեցրել են երկու հետաքրքիր ու փոխկապակցված արդյունքների։ Նախ պարզվել է, որ կծու սննդի գործածումը նվազեցնում էր զարկերակային ճնշումը։ Դա պայմանավորված է նրանով, որ կամավորները սկսել էին նկատելիորեն քիչ աղ գործածել այն ժամանակահատվածում, երբ կծու ուտելիք էին օգտագործում։

Ինչո՞ւ է կծու պղպեղն ուժեղացնում աղի համը։ Գիտնականները բացատրում են, որ դա պայմանավորված է նրանով, որ աղի ու կծու համերի կենտրոններն մեր ուղեղում շատ մոտ են իրար։ Դրա շնորհիվ կծու համի կենտրոնի «միացումը» ուժեղացնում է այն բջիջների աշխատանքը, որոնք պատասխանատու են աղի համը ճանաչելու համար, դրա շնորհիվ էլ ուտելիքն ավելի աղի է թվում, քան իրականում կա ։

Չինական խոհանոցը, Չժուի խոսքով, աշխարհի ամենակծու կերակրատեսակներից է բաղկացած, ու դեռ պարզ չէ, արդյոք եվրոպացիները կամ ամերիկացիները նույն կերպ կարձագանքեն կծու ուտելիքին։

Գիտնականների հոդվածը հրապարակվել է Hypertension ամսագրում։



© NEWS.am Medicine