Ինչո՞ւ են մարդու մոտ կպչուն մտքեր առաջանում

11:43   6 նոյեմբերի, 2017

Գամմա- ամինոճարպային թթվի (ԳԱՃԹ) արտադրման անբավարար մակարդակը խանգարում է ճնշել կպչուն մտքերը, պարզել են Քեմբրիջի համալսարանի գիտնականները։ Ավելի վաղ մասնագետները պարզել էին, որ հիպոկամպի (ուղեղի այն հատվածի, որը պատասխանատու է զգացմունքների ձեւավորման ու հիշողության համար)  ակտիվության նվազումը հանգեցնում է գիտակցության մեջ տհաճ պատկերներին «դիմադրելու» անկարողությանը։ Սակայն մինչեւ վերջերս հանելուկ էր մնում, թե հատկապես ինչ նյութ է պայմանավորում դրա ակտիվության աստիճանը։ Մագնիս- ռեզոնանսային սպեկտրոսկոպիայի օգնությամբ հետազոտողները վերականգնել են քիմիական պրոցեսների պատկերը այն հիվանդների ուղեղում, որոնք տառապում են կպչուն վիճակներից։ Պարզվել է, որ նրանց հիպոկամպում նվազած է կարեւորագույն արգելակային նեյրոմեդիատորի ՝ գամմա -ամինոճարպաթթվի մակարդակը։

«Նախկինում մենք կարող էինք վստահաբար ասել, որ ուղեղի մեկ մասն ազդում է մյուսի աշխատանքի վրա։ Բայց հիմա հասկանալի է դարձել, որ նեյրոմեդիատորները նույնպես կարեւոր դեր են կատարում։ Մեր աշխատանքն ապացուցում է, որ հիվանդները կարող են ազատվել կպչուն մտքերից, եթե մենք ավելացնենք ԳԱՃԹ պարունակությունը հիպոկամպում»,- պարզաբանել է Քեմբրիջի պրոֆեսոր Մայքլ Անդերսոնը։ Նշվում է, որ ԳԱՃԹ սինթետիկ անալոգներ ստեղծվել են դեռ 20-րդ դարի կեսերին։

Գիտնականները հույս ունեն, որ իրենց հետազոտության արդյունքները կօգտագործվեն կլինիկական պրակտիկայում ու կօգնեն օբսեսիվ – կոմպուլսիվ համախտանիշի, տագնապային ու հետտրավմատիկ խանգարման , շիզոֆրենիայի, դեպրեսիայի ու կպչուն մտքերի հետ կապված այլ հոգեկան հիվանդությունների բուժման հարցում։ Հետազոտությունը հրապարակվել է Natire Comminications ամսագրում։



© NEWS.am Medicine