Հայ սրտաբանները ծխելու դեմ պայքարի ոլորտում կվերապատրաստվեն Ֆրանսիայում. դեսպան

17:58   8 նոյեմբերի, 2017
ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի  արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին։ Շնորհավորելով եւ արդյունավետ գոծունեություն մաղթելով նորանշանակ դեսպանին` նախարարն ընդգծել է, որ առողջապահության ոլորտում երկու երկրի անցած տարիների համագործակցության փորձն ու արդյունքները լավ հիմք են հետագա համատեղ ծրագրերի համար։

Ջոնաթան Լաքոտը կարեւորել է, որ առողջապահությունը հայ-ֆրանսիական համագործակցության կենտրոնական տեղերում է` սկիզբ առնելով 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո ցուցաբերված բժշկական առաջին օգնություններից։ Պատրաստակամություն հայտնելով շարունակելու եւ զարգացնելու փոխհամագործակցությունը` դեսպանը նշել է, որ Ֆրանսիան «Գլոբալ հիմնադրամի» հիմնական դոնոր երկրներից է եւ կշարունակի աջակցությունն այդ ծրագրերի շրջանակում։

Նախարարը դեսպանին ներկայացրել է առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումները` շեշտը դնելով 2018թ. գարնանը երկրի անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիների համար պետության կողմից ապահովագրական փաթեթներ ձեռք բերելու ծրագրի վրա։ Եկող տարվա վերջին դրան կհաջորդի առողջության համընդհանուր ապահովագրության հայեցակարգի մշակումը։ 

Լեւոն Ալթունյանը Ջոնաթան Լաքոտին ներկայացրել է նաեւ կլինիկական ուղեցույցների, էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման ընթացքին եւ դրանցից ակնկալվող արդյունքներին, մասնավորապես` ՀՀ յուրաքանչյուր  քաղաքացի մոտ ապագայում հնարավորություն կունենա աշխարհի ցանկացած վայրում մուտք գործել էլեկտրոնային առողջապահական համակարգ եւ ծանոթանալ էլեկտրոնային բժշկական իր քարտին, անգամ այլ երկրում ստանալ մասնագիտական խորհրդատվություն։

Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանի առողջապահության ոլորտում այնպիսի ծավալուն եւ կարեւոր բարեփոխումներ են ընթանում, որոնք արդեն իրականացվել են Ֆրանսիայում եւ այսօր էլ շարունակվում են կյանքի կոչվել եվրոպական մի շարք երկրներում։ Նա նաեւ հավելել է, որ իր երկրում այդ ծրագրերի կայացման ընթացքում բուռն բանավեճեր են ընթացել։ Սակայն հետագայում մարդիկ համոզվել են, որ իրականացված քեյլերը համակարգի առաջընթացն են ապահովել։

Հայաստանում գտնվելու մեկ ամսվա ընթացքում   Ջոնաթան Լաքոտի մոտ կարծիք է ձեւավորվել, որ մեզանում առողջապահական ամենալուրջ մարտահրավերներից մեկը ծխախոտի չարաշահումն է։ Նա նախարարին տեղեկացրել է, որ դեկտեմբերին մեր սրտաբանները ծխելու դեմ պայքարի ոլորտում կվերապատրաստվեն Ֆրանսիայում։  Լեւոն Ալթունյանը խնդիրը դիտարկել է ավելի լայն` առողջ ապրելակերպի, վնասակար մի շարք սովորույթներից զերծ մնալու ենթատեքստում։  Նա նշել է, որ այդ գաղափարները հանրությանը հասցնելու եւ առողջ ապրելակերպի մշակույթ ներդնելու նպատակով աշխատանքներ են տարվում առողջ ապրելակերպի հիմնադրամ ստեղծելու ուղղությամբ։

Լեւոն Ալթունյանը եւ Ջոնաթան Լաքոտը քննարկել են առողջապահության ոլորտում երկու երկրի համագործակցությունը խորացնելու հնարավորությունները։ Երկուստեք կարեւորվել է Փարիզի  Գյուստավ Ռուսսի ուռուցքաբանության ինստիտուտի հետ համագործակցությունը շարունակելու եւ ֆրանսիական բրենդի մուտքը Հայաստան կյանքի կոչելու ծրագիրը։ Նախարարն այն կարեւորել է Հայաստանում ուռուցքային հիվանդությունների բուժման արդյունավետությունն ապահովելու տեսանկյունից։

Նախանշվել են հետագա համագործակցության այլ ոլորտներ եւս։



© NEWS.am Medicine