Տղամարդկանց անպտղության 5 քիչ հայտնի պատճառ

23:48   9 նոյեմբերի, 2017

Եթե տղամարդու սերմնաժայթքման մեջ սերմնաբջիջների քանակը քիչ է, նրա համար բավականին բարդ կլինի հայր դառնալը։ Կան մի շարք գործոններ, որոնք բացասաբար են ազդում սերմնաբջիջների քանակի վրա, ու դրանցից մի քանիսի մասին ոչ բոլորը գիտեն։

Տաք ցնցուղ

30 րոպե շարունակ տաք ցնցուղ կամ տաք ջրով լոգանք ընդունելը նվազեցնում է սերմնաբջիջների քանակը։ Բանն այն է, որ սերմնաբջիջների նորմալ արտադրության համար անհրաժեշտ է, որպեսզի ամորձապարկում ջերմաստիճանն ավելի ցածր լինի, քան մարմնի ջերմաստիճանը, իսկ տաք ջրի ազդեցության տակ ամորձապարկը տաքանում է։

Նոութբուք

Նոութբուքը ծնկերի վրա դնելու սովորությունը նույնպես հանգեցնում է ամորձապարկի շրջանում մարմնի ջերմության աստիճանական բարձրացմանը։ Համարվում է, որ էլեկտրամագնիսական դաշտը, որն առաջացնում է նոութբուքը, նաեւ Wi-Fi ազդանշանները կարող են բացասաբար ազդել սերմնաբջիջների որակի վրա։

Հեռուստացույց

Կա տեսակետ, որ այն տղամարդիկ, որոնք շաբաթական ավելի քան 20 ժամ են անցկացնում հեռուստացույց դիտելով, 50 տոկոսով քիչ սերմնաբջիջ ունեն նրանց համեմատ, որոնք առհասարակ հեռուստացույց չեն դիտում։ Ըստ երեւույթին պատճառն այն է, որ նստակյաց կենսակերպը վնասակար է թե առողջության, թե տղամարդկանց պտղաբերության համար։

Սնունդ

Արեւմտյան սննդակարգը կործանարար է տղամարդկանց պտղաբերության համար․ այս մասին բազմաթիվ հետազոտություններ են վկայում։ Պիցցայի, համբուրգերների ու պահածոների հանդեպ սերը նվազեցնում է սերմնաբջիջների քանակը։ Իսկ ահա միջերկրածովյան սննդակարգը հայտնի է տղամարդկանց առողջության վրա իր բարերար ազդեցությամբ։  Տղամարդկանց խորհուրդ է տրվում օգտագործել ավելի շատ բանջարեղեն, միրգ, ծովամթերք, ձիթապտղի յուղ։

Աղտոտված օդ

Չափից մեծ քանակությամբ աղտոտված օդ շնչելը հանգեցնում է արյան մեջ ազատ ռադիկալների խտության բարձրացմանը։ Դա նվազեցնում է սերմնահեղուկի որակը նույնիսկ շատ բեղուն տղամարդկանց մոտ։



© NEWS.am Medicine