«Էրեբունի» ԲԿ-ում հղի կնոջ ողնաշարային ճողվածքի հեռացման վիրահատություն են կատարել

20:40   13 նոյեմբերի, 2017

«Էրեբունի» ԲԿ-ի նեյրովիրաբույժներն ու գինեկոլոգները համատեղ ջանքերով օգնել են հղի կնոջը վերգտնել հոգեկան անդորրն ու վստահությունը, որ իր ու երեխայի առողջությանը ոչինչ չի սպառնում։ Ըստ հիվանդանոցի կայքի հաղորդագրության՝  Հայաստանում առաջին անգամ  է իրականացվել հղի կնոջ այսքան բարդ վիրահատություն։

02.10.2017-ին  1986-ին ծնված Գ․Լ․-ն դիմել էր «Էրեբունի» ԲԿ-ի Բարձր ռիսկի հղիների բաժանմունք (ԲՌՀԲ)՝ գանգատվելով գոտկատեղի հատվածում ցավերից, քայլելու հետ կապված դժվարություններից ու աջ ոտքի թմրությունից, նաեւ կոնքի օրգանների ֆունկցիայի խանգարումից։

Բոլոր անհրաժեշտ կլինիկական լաբորատոր հետազոտությունների անցկացումից հետո գումարվել է կոնսիլիում՝ ծննդօգնության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ  Անդրանիկ Պողոսյանի, Նեյրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Մամիկոն Եղունյանի մասնակցությամբ։ Ախտորոշումը հետեւյալն էր. 29 շաբաթական հղիություն, L5-S1 ողնաշարային սկավառակի ճողվածք, ողնուղեղային խողովակի  ստենոզ։  Որոշվել է վիրահատել։

10.10.2017 թ–ին հղի կնոջը տեղափոխել են նեյրովիրաբուժության բաժանմունք, որտեղ Մամիկոն Եղունյանը վիրահատություն է իրականացրել՝ L5-S1 միջողնային սկավառակի սեկվեստրի միկրովիրահատական հեռացում, «ձիու պոչի» դեկոմպրեսիա։ Այդ ամբողջ ընթացքում հղին գտնվում էր գինեկոլոգ Անահիտ Անանյանի դինամիկ հսկողության ներքո։

13.10.2017–ին  հղի Գ.Լ.-ն նորից տեղափոխվել է Բարձր ռիսկի հղիների բաժանմունք, որտեղ էլ հենց ռեաբիլիտացիայի կուրս է անցել։

Հետվիրահատական շրջանը հարթ է անցել ու 17.10. 2017–ին հիվանդին դուրս են գրել կյլինիկայից ՝ պահպանված հղիությամբ եւ դրական դինամիկայով։ 



© NEWS.am Medicine