Հնդկաստանում ապրող տղամարդու մարմնում մակաբույծներ են բնակվում (ֆոտո)

21:36   13 նոյեմբերի, 2017

Հնդկաստանի բնակիչ Չեթան Պիտադիան առաջին անգամ չորս տարի առաջ է նկատել, որ ոտքն այտուցվել է։ Բայց բժիշկները միայն ուսերն են թոթվել ու նրան նշանակել դեղորայք, որը բոլորովին չի օգնել տղամարդուն։ Նրա ոտքը շարունակում էր ուռել ու արդյունքում քառակի մեծացել է, հայտնում է The Sun-ը։

Հիմա 53-ամյա Չեթանի ոտքը մոտ 25 կգ է կշռում ու ամբողջովին պատված է տարօրինակ գնդերով։

Պարզվել է, որ երկու երեխաների հայրը տառապում է ֆիլյարիատոզից, հազվագյուտ հիվանդություն, որը մոծակներն են տարածում։ Նրանց խայթոցից հետո մակաբույծները ներթափանցում են մարդու մարմնի մեջ, որտեղ շարունակում են իրենց զարգացումը ու արդեն սեռահասուն տարիքում ախտահարում են ավշային հանգույցները, ներթափանցում ենթամաշկային ու հետորովայնային բջջանյութ, մարմնի տարբեր խոռոչներում։

Հիվանդության պատճառով Չեթանը ստիպված է եղել հրաժարվել կարի արտադրամասում իր աշխատանքից, ու հիմա նա պետք է 3․5 հազար ֆունտ ստեռլինգ հավաքի բուժման համար։

«Իմ վիճակը օրեցօր վատանում է։ Ու դա այնպիսի հիվանդություն է, որի դեպքում վիճակդ չի թեթեւանում։ Ցավը մշտապես հետապնդում է քեզ»,- ասում է նա։

Չեթանն ի սկզբանե կարծում էր, թե ուռուցքը ժամանակավոր է։ Բայց արդյունքում նա ստիպված է եղել 600 կմ հեռավորություն հաղթահարել Մումբայի կենտրոնում գտնվող հիվանդանոց հասնելու համար, որտեղ բժիշկները նրան նշանակել էին անօգուտ դեղամիջոցներ։ Հետագայում տղամարդու հայրենի քաղաքի բժիշկն է ի վերջո ճիշտ ախտորոշել նրա հիվանդությունը։

 



© NEWS.am Medicine