Գենային թերապիան կարող է մասամբ վերականգնել կորցրած տեսողությունը

23:48   14 նոյեմբերի, 2017

Գիտնականների մի խումբ մշակել է գենային բուժման ձեւ՝ նախատեսված պացիենտների համար, որոնք տեսողությունը կորցրել են ժառանգական հիվանդության՝ բնածին Լեբերի ամարոզի պատճառով: Բուժումն ի վիճակի է մասամբ վերականգնել տեսողությունը, որպեսզի մարդը կարողանա կողմնորոշվել լաբիրինթոսում ոչ վառ լուսավորության պայմաններում:

Բուժման նոր մեթոդն ստացել է voretigene neparvovec անվանումը: Այն անվտանգ վիրուսի գենետիկորեն փոփոխված տարբերակն է: Փորձը, որի արդյունքները ներկայացվել են American Academy of  Ophthalmology-ի ամենամյա հանդիպման ժամանակ, ցույց է տվել, որ 29 պացիենտներից 27-ի դեպքում տեսողության որակի  նշանակալի լավացում է եղել: Մասնավորապես, նրանց մոտ բարձրացել է լույսի նկատմամբ զգացողությունն ու բարելավվել պերիֆերիկ տեսողությունը։

Տեսողությունն, իհարկե, ամբողջությամբ չի վերականգնվել, սակայն պացիենտներն սկսել են տեսնել առարկաների ձեւապատկերներն ու լույսը: Այսինքն, ըստ էության, նրանք այլեւս ուղեկից շների կարիք չեն ունեցել: Բուժման արդյունավետությունը պահպանվում է արդեն 2 տարի: Բուժման այս մեթոդը կարող է դուռ բացել կուրություն առաջացնող ավելի քան 225 գենետիկ փոփոխությունների գենային բուժման այլ մեթոդների համար։



© NEWS.am Medicine