Ո՞ր ախտանշանների դեպքում կարելի է երեխայի մոտ դիաբետ կասկածել

22:33   14 նոյեմբերի, 2017

Առաջին տիպի շաքարային դիապետ այսօր հաճախ է ախտորոշվում տարբեր տարիքի երեխաների մոտ, ավելի հաճախ նույնիսկ մինչեւ 5 տարեկան երեխաների մոտ: Էնդոկրինոլոգ Գայանե Բայբուրդյանը պատմել է մի քանի ախտանշանների մասին, որոնցով կարելի է կասկածել, որ երեխան դիաբետ ունի:

Համարվում է, որ առաջին տիպի դիաբետը երեխայի մոտ կարող է արտահայտվել նաեւ սրտխառնոցով ու փսխումով, տեսողության կտրուկ վատացմամբ, մեծ ախորժակի հետ մեկտեղ  կտրուկ նիհարելով: Փոքրիկ պացիենտները երբեմն գանգատվում են նաեւ միզարձակումից հետո սեռական օրգանների շրջանում քորից:

Էնդոկրինոլոգի խոսքով՝ որքան շուտ ծնողներն ուշադրություն դարձնեն այս ախտանշանների վրա եւ երեխային բժշկի տանեն, այդքան շուտ հնարավոր կլինի սկսել բուժումը, եւ  հիվանդությունը չի հասցնի լրջորեն վնասել փոքրիկի օրգանիզմը:

Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ Հայաստանում շաքարային դիաբետով հիվանդ 18 տարեկանից փոքր  530 երեխա կա: Նրանցից 4-ի մոտ երկրորդ տիպի դիաբետ է եւ ճարպակալում, իսկ մյուսների մոտ՝ առաջին տիպի դիաբետ:

Հայաստանում, ընդհանուր առմամբ, դիաբետ ունեցող շուրջ 80000 մարդ կա, որից 1200-ը՝ ունեն առաջին տիպի դիաբետ:



© NEWS.am Medicine