Ուգգիները շատ վտանգավոր են ծնկների համար. մասնագետ

17:53   15 նոյեմբերի, 2017

Ուգգիները կոշիկի տարածված տեսակ են. պատահական չէ, որ շատ աղջիկներ այդքան հաճույքով են գնում դրանք ձմռան  համար։ Դրանք աչքի են ընկնում փափկությամբ եւ տաք են։ Սակայն օրթոպեդները կարծում են, որ դրանք վնասակար են ոտքերի առողջության համար։

Հայտնի օրթոպեդ–վիրաբույժ Յան Մաքդերմոթը (Մեծ Բրիտանիա) պնդում է, որ ուգգիների պատճառով կարող են լրջորեն վնասվել ծնկները։ Բանն այն է, որ այդ կոշիկը չի ապահովում ոտքի համար անհրաժեշտ հենարանը։ Բժշկի խոսքով՝ շատ փափուկ կոշիկ կրող մարդու մոտ փոխվում է կեցվածքը եւ մարմնի դիրքն առհասարակ։ Ծնկները կարծես թե ներս են ընկնում, ոտքերը ստանում են Х-աձեւ տեսք։

Ծնկները սկսում են ցավել, գոտկատեղը՝ նույնպես։ Դրա պատճառը ոտքերի վրա մեծ ծանրաբեռնվածությունն է։ Ժամանակի հետ կարող է նաեւ վիրահատության կարիք առաջանալ։

Բժիշկը զգուշացնում է. եթե մարդն ի ծնե թույլ կապաններ ունի, վատ կեցվածք կամ հենաշարժիչ համակարգի շեղումներ, նրան արգելված է ուգգի հագնել։ Առողջ մարդկանց թույլատրվում է փափուկ կոշիկ կրել միայն սահմանափակ ժամանակով՝ առավելագույնը 30 րոպե։ Դա կարող է լինել տան կոշիկ։ Փողոցում խորհուրդ է տրվում կրել այնպիսի կոշիկ, որը ոտքը պահում է ճիշտ դիրքում։



© NEWS.am Medicine