Մասնագետներ. Մարզական սնունդը կարող է ակնե առաջացնել

14:14   15 նոյեմբերի, 2017

Շատ մարզիկներ ու նիհարել փորձող մարդիկ պրոտեինային կոկտեյլներ են օգտագործում, որոնք նպաստում են մկանային զանգվածի աճին: Սակայն այդ կոկտեյլները կարող են մաշկի ցանավորման պատճառ դառնալ, ինչը հատկապես բնորոշ է կանանց, նախազգուշացնում են մաշկաբանները:

Նրանց խոսքով՝ շիճուկային սպիտակուցներում պարունակվում են հորմոններ, այդ պատճառով այդ մթերքները փոխում են մարդու հորմոնային ֆոնը, այդ թվում նաեւ տեստոստերոնի խտությունը՝ խթանելով մաշկային ճարպի առաջացմանն ու խցանելով ծակոտիները: Արդյունքում առաջանում է ակնե: Ինչպես նշել է մաշկաբան Մորգան Ռաբահը (ԱՄՆ), քանի որ կանանց մոտ ավելի հաճախ է նկատվում հորմոնային ֆոնով պայմանավորված ցանավորում, քան տղամարդկանց մոտ, ավելի լավ է նրանք ձեռնպահ մնան սպիտակուցային կոկտեյլների օգտագործումից:

Շիճուկային սպիտակուցը կովի կաթի հիմնական սպիտակուցներից մեկն է: Նրա մեջ պարունակվում է IGF-1 հորմոնը, որը բարձրացնում է ինսուլինի քանակը եւ մեծացնում մաշկային ճարպի առաջացումը: Սկզբունքայնորեն, բոլոր կաթնային մթերքներն այս կամ այն չափով նպաստում են ակնեի առաջացմանը:

Անցկացվել է նաեւ 30 մարդու մասնակցությամբ ուսումնասիրություն: 2 տարվա ընթացքում նրանցից ոմանք ընդունել են սպիտակուցային հավելումներ, իսկ գիտնականները հետեւել են ակնեի հայտնվելուն։ Եղել է նաեւ վերահսկող խումբ: Արդյունքում պարզվել է, որ ակնե առավել հաճախ առաջացել է հավելումներ օգտագործողների մոտ:



© NEWS.am Medicine