Մասնագետ. Շրջապատը պետք է իմանա, որ մարդը շաքարախտ ունի

15:30   15 նոյեմբերի, 2017

Շրջապատից  թաքցնել, որ մարդը շաքարախտով հիվանդ է, սխալ եւ նույնիսկ վտանգավոր, պնդում է Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր մանկական էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանովան:

Մասնագետի խոսքով՝ ինչպես այլ երկրներում, այնպես էլ Հայաստանում, քիչ չեն ծնողները, որոնք ամեն ինչ անում են, որ ոչ ոք չիմանա, որ իրենց երեխան շաքարախտ ունի: Եղել են նաեւ դեպքեր, երբ ծանոթներից երեխայի հիվանդությունը թաքցնելու համար ընտանիքները գյուղից մայրաքաղաք են տեղափոխվել, որտեղ նրանց ոչ ոք չէր ճանաչում: Եղել են դեպքեր, երբ երեխայի շաքարախտի փաստը թաքցրել են նույնիսկ նրա տատիկ-պապիկներից:

Բայց շրջապատում մարդիկ անպայման պետք է իմանան, որ երեխան կամ մեծահասակը շաքարախտ ունեն, ավելին՝ ցանկալի է, որ նրանք առաջին օգնությունը ցուցաբերելու գիտելիքներ ունենան, եթե պացիենտի մոտ գլյուկոզայի մակարդակը չափազանց բարձրանում է կամ իջնում վտանգավոր աստիճանի։

Իսկ եթե շրջապատողները չիմանան երեխայի կամ մեծահասակի հիվանդության մասին, նրանք չեն իմանա՝ ինչ անել, եթե նրա մոտ, օրինակ, ուշաթափություն լինի:

«Իրենց երեխաների շաքարախտից ամաչող ծնողների հետ անհրաժեշտ է աշխատել: Այժմ, իհարկե, այդպիսի մարդիկ ավելի քիչ են, ծնողներն սկսել են ավելի շատ կարդալ եւ ավելի շատ տեղեկատվություն ստանալ: Մենք պետք է շարունակենք ձգտել նրան, որ ծնողներն ավելի ադեկվատ ընդունեն երեխայի հիվանդությունը: Նրանք պետք է հասկանան, որ երեխան պետք է շրջապատված լինի մարդկանցով, որոնք գիտեն, որ ինքը շաքարախտ ունի,  եւ գիտեն, թե անհրաժեշտության դեպքում ինչ առաջին օգնություն պետք է ցուցաբերեն», - նշել է մասնագետը:

Էնդոկրինոլոգի խոսքով՝ շատ ծնողներ դժվարանում են համակերպվել երեխայի ախտորոշման հետ, այն բանի հետ, որ երեխան հիվանդության հայտնաբերման պահից ի վեր ամբողջ կյանքում պետք է ինսուլինի ներարկումներ անի:

«Համարյա յուրաքանչյուր ծնող ասում է. «Կտեսնեք, հրաշք կլինի, ու իմ բալիկը կառողջանա»: Մենք՝ բժիշկներս, հրաշքին ամենեւին դեմ չենք, մենք միայն ուրախ կլինենք, եթե այդ երեխաները հրաշքով առողջանան: Սակայն մինչ այդ հրաշքը տեղի ունենա, անհրաժեշտ է ճիշտ վարել այդ երեխայի հիվանդությունը: Չի կարելի, որ ծնողները դադարեցնեն ինսուլինի ներարկումը երեխային կամ  փորձեն առաջին տիպի շաքարախտը վերահսկել սննդակարգի փոփոխություններով, կամ երեխային ինչ-որ մի հեքիմի մոտ բուժեն. այդ ամենը կարող է երեխայի համար շատ վատ ավարտվել», - նշել է մասնագետը՝ եւս մեկ անգամ ընդգծելով, որ առաջին տիպի շաքարախտ ունեցող պացիենտները կարիք ունեն ինսուլինի ներարկումների, ինչը նրանց օրգանիզմում չի արտադրվում եւ հիվանդությունը վերահսկելու ոչ մի այլ միջոց առայժմ դեռ չկա։



© NEWS.am Medicine