Դրական տրամադրվածություն ու ծխելուց հրաժարում ՝ Լեո Բոկերիայի խորհուրդները՝ առողջ սիրտ ունենալու համար

19:33   17 նոյեմբերի, 2017

Սիրտն առողջ պահպանելու համար պետք է առողջ կենսակերպ վարել, հրաժարվել ծխելուց, խմելմիայն որակյալ ոգելից խմիչք, այն էլ չափավոր քանակությամբ։ Բայց նվազ կարեւոր չէ դրական տրամադրություն պահպանելը, ինչպես վստահեցնում է նշանավոր մանկական կարդիովիրաբույժ Լեո Բոկերիան։

Հայ լրագրողների հետ զրույցի ժամանակ նա պատմել է, թե ինչ է անհրաժեշտ անել սրտի առողջությունը պահպանելու համար։

Օրվա ռեժիմ

78-ամյա կարդիովիրաբույժի կարծիքով՝ սրտի առողջության համար շատ կարեւոր է պահպանել օրվա ռեժիմը՝ պառկել քնելու ու արթնանալ նույն ժամին, հետեւել առողջ սննդակարգին ու ուտելու ժամերին։

Ծխելը

Ծխելը մարդու ամենաոխերիմ թշնամին է ու դա ապացուցված է բազմաթիվ հետազոտություններով, հավաստիացնում է կարդիովիրաբույժը։ Ծխելը հանգեցնում է հիպերտոնիայի, աթերոսկլերոզի, թրոմբերի առաջացման ու մի շարք այլ սրտանոթային խնդիրների։

Բոկերիան, իր իսկ խոսքով, 20 տարի ծխել է, բայց մեկընդմիշտ հրաժարվել է ծխելուց 1980-ին, Մոսկվայում Օլիմպիադայի անցակցման տարին։ Այդ ժամանակ նա թունավորվել էր ապխտած ձկից ու հասկացել, որ տեղի ունեցածը լավ հնարավորություն է ծխելուց հրաժարվելու համար։ Նրա կարծիքով՝ ծխելուց պետք է հրաժարվել միանգամից՝ կտրուկ, այլ ոչ թե ծխախոտի քանակը կրճատելու կամ էլ ավելի «թեթեւ» ծխախոտի անցնելու միջոցով։ Ծխելուց հրաժարվելուց հետո վատ ինքնազգացողությունը կարող է առավելագույնը 2 շաբաթ տեւել, իսկ հետո ֆիզիկական վիճակում զգալի տարբերություն կզգաք։

Ոգելից խմիչք

Կարդիովիրաբույժի խոսքով՝ ցանկացած ոգելից խմիչք ստամոքսում արտադրում է աղաթթու։ Ստամոքսում խառնվելով սննդի հետ, աղաթթուն սկսում է նպաստել օրգանիզմում վնասակար նյութերի կուտակմանը, որոնք ներթափանցելով արյան մեջ օրգանիզմին լուրջ վնաս են հասցնում։

Եթե չի հաջողվում ոգելից խմիչքից ամբողջովին հրաժարվել, կարդիովիրաբույժը խորհուրդ է տալիս խմել միայն որակյալ, լավ խմիչք, այն էլ չափավոր քանակությամբ։

Դրական տրամադրվածություն

«Ես համարում եմ, որ առանց դրական տրամադրության հնարավոր չէ պահպանել առողջ սիրտ,- ասում է Լեո Բոկերիան,- Առավոտյան դու տեսնում ես հարազատներիդ, բարձրացնում նրանց տրամադրությունը։ Հետո գնում ես աշխատանքի, բարձրացնում քո գործընկերների տրամադրությունը։ Նրանք էլ քեզ են նույն ձեւով պատասխանում։ Կյանքը, որը կառուցված է ադրենալինի անընդմեջ արտանետումների բացակայության վրա՝ երբ մարդու մոտ մեկ լավ, մեկ վատ տրամադրություն է, շատ դրական է ազդում մարդու առողջության վրա»։

Կրթություն

Լեո Բոկերիան նկատեց, որ կիրթ մարդկանց, որպես կանոն, ավելի հեշտ է հաջողվում պահպանել այս բոլոր կանոնները։ Մոսկվայում ու հարեւան տարածաշրջաններում իրականացված հետազոտությունը նույնպես հաստատել է դա ՝մասնագետների համար անսպասելի արդյունքներ ցույց տալով։ Պարզվել է, որ ամենաերկարակյաց մարդիկ Մոսկվայի կենտրոնում են ապրում։ Թվում էր, թե հակառակը պետք է լինի, չէ որ մայրաքաղաքի կենտրոնում բնապահպանական պայմաններն ավելի վատն են։

Փորձելով հասկանալ այդ հետազոտության արդյունքները՝ մասնագետները ուշադրություն են դարձրել այն բանի վրա, որ կենտրոնական թաղամասում թվով ավելի շատ էին բարձրագույն կրթություն ունեցողները։

[gallery id=107]

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

 



© NEWS.am Medicine