Ձմռանը ծնվող երեխաները հետագայում ավելի հաճախ են բախվում ինսուլտների․ հետազոտություն

12:06   19 նոյեմբերի, 2017

Երեխայի մոտ որոշ հիվանդությունների զարգացման հավանականությունը կարող է պայմանավորված լինել նրանով, թե տարվա որ եղանակին է նա ծնվել։ Փենսիլվանիայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ ձմռանը ծնված երեխաներն ավելի հաճախ են հասուն տարիքում բախվում ինսուլտների, իսկ աշնանը ծնվածները ՝ ավելի հազվադեպ են բախվում դիաբետի։

Ըստ Journal of the American Medical Informatics Association ամսագրում հրապարակված նոր հետազոտության տվյալների՝  այն երեխաները , որոնք ծնվել են դեկտեմբերից մարտ ամիսներին, ավելի հակված էին առիթմիայի, որը, ինչպես գիտեք, զգալիորեն ավելացնում է ինսուլտի զարգացման հավանականությունը։

Ձմռանը ծնվածների մոտ ինսուլտի բարձր հավանականությունը, գիտնականների խոսքով, կարող է կապակցված լինել այն հանգամանքի հետ, որ այդ երեխաների մայրերի հղիության առաջին եռամսյակն ամռանն է եղել, երբ օդի աղտոտվածության մակարդակը սովորականից բարձր է։

Նաեւ հետազոտողները պարզել են, որ աշնանը ծնված երեխաները ավելի հազվադեպ էին բախվում դիաբետի։ Դա պայմանավորված է նրանով, որ նրանց մայրերի հղիության երրորդ եռամսյակը ամռանն է եղել, ինչի շնորհիվ նրանք ստանում էին մեծ քանակությամբ վիտամին D, որն ամրապնդում է իմունային համակարգը։

Մասնագետները այդ հետազոտության շրջանակում ուսումնասիրել են ԱՄՆ, Հարավային Կորեայի ու Թայվանի 10․5 մլն բնակիչների տվյալները։



© NEWS.am Medicine