Հետազոտություն. Դոնդողը սպիրտի հետ կարող է օգնել քաղցկեղի եմ պայքարում

23:30   23 նոյեմբերի, 2017

Մաքուր սպիրտով լցված դոնդողանման իմպլանտը կարող է քաղցկեղի դեմ արդյունավետ միջոց լինել: Դյուկի համալսարանում մշակված գելանման իմպլանտը ներդրվում  է ուռուցքի հենց կենտրոնում, որտեղ այն սկսում է դանդաղ բաց թողնել սպիրտը: Քաղցկեղի բջիջների հետ շփման ժամանակ սպիրտը ոչնչացնում է դրանք՝ ազդելով կարեւոր սպիտակուցների վրա, որոնք անհրաժեշտ են բջիջներին բազմանալու համար:

Գիտությանը վաղուց հայտնի է, որ քաղցկեղը մաքուր սպիրտից վախենում է: Սակայն խնդիրն այն է, որ սպիրտը վտանգավոր է նաեւ առողջ բջիջների համար: Գիտնականների կողմից ստեղծված իմպլանտը կարող է խնդրի լուծում լինել, քանի որ այն սպիրտը բաց է թողնում աստիճանաբար եւ միայն ուռուցքի մեջ:

Գիտնականները միացրել են սպիրտը էթիլցելյուլոզայի հետ  (ստացվում է փայտի ցելյուլոզայից կամ բամբակից, լայնորեն կիրառվում է սննդարդյունաբերության մեջ, որպես խտացուցիչ եւ դեղամիջոցների պատյան): Արդյունքում ստացվել է դոնդողանման նյութ, որը մարմնի ներսում թաց միջավայրի հետ շփումից սկսում է աստիճանաբար լուծվել եւ բաց թողնել սպիրտը: Դա տեղի է ունենում մոտավորապես մեկ շաբաթում:

Բերանի խոռոչում ուռուցք ունեցող 7 մկների հետ փորձը ցույց է տվել, որ դոնդողանման գելի ներդնումից 7 օր հետո 4 մկների մոտ ուռուցքներն ամբողջությամբ անհայտացել են: Գիտնականների խոսքով՝ իրենց համակարգը հարմար կլինի նաեւ քաղցկեղի այլ տեսակների բուժման համար՝ ներառյալ կրծքի քաղցկեղը: Նրանք նաեւ ցանկանում են փորձարկել իմպլանտը արգանդի պարանոցի նախաքաղցկեղային գոյացությունների վրա: Սակայն նոր մեթոդը մարդկանց վրա դեռ չեն փորձել:

Կարեւոր է, որ գելի արտադրությունը բավականին մատչելի է:



© NEWS.am Medicine