Վիրտուալ կրկնակները կօգնեն շիզոֆրենիայի դեմ պայքարում

17:08   25 նոյեմբերի, 2017

Բրիտանացի մասնագետները մոդելավորել են թվային վիզուալ մոդել՝ «ավատար», որի հետ զրույցը շիզոֆրենիայով հիվանդներին օգնում է հաղթահարել «գլխում լսվող ձայները»: Մշակման նկարագրությամբ հետազոտությունը հրապարակվել է The Lancet Psychiatry ամսագրում:

Հետազոտության մեջ նշվում է, որ լսողական հալյուցինացիաներ է ունենում շիզոֆրենիկների մինչեւ 70 տոկոսը: Այսպես կոչված, գլխում լսվող ձայներն ավելի հաճախ հիվանդներին վիրավորում են, սպառնում եւ վտանգավոր գործողությունների կոչ անում: Դեպքերի մեծ մասում հաջողվում է ախտանիշները թուլացնել դեղամիջոցների օգնությամբ, սակայն նույնիսկ թերապիայից հետո «ձայները» լսում է յուրաքանչյուր չորրորդ հիվանդը, նշում է հետազոտության առաջատար հեղինակ, Լոնդոնի Թագավորական քոլեջի պրոֆեսոր Թոմ Քրեյգը:

Փորձերի համար գիտնականները բրիտանական հիվանդանոցներից 18-65 տարեկան 150 հիվանդի են հրավիրել, որոնց մոտ առկա էին շիզոֆրենիայի սպեկտրի խանգարումներ եւ փսիխոզ: Մասնակիցներին 2 խմբի են բաժանել. 75 մարդ բուժվել է հոգեբույժի մոտ, 75-ն անցել է «ավատար-թերապիա»: Երկու խմբերում ընդգրկվածներն այս ընթացքում շարունակել են դեղեր ընդունել:

«Ավատարը» ստեղծելու համար հետազոտողները հիվանդների հետ միասին համակարգչային ծրագրում «ձայնը» վիզուալացրել են, որն ավելի հաճախ հիվանդներին հետապնդել է նոպաների ժամանակ: Հիվանդները 1,5 ամիս ամեն օր խոսել են վիրտուալ զրուցակցի հետ: Հարեւան սենյակում է եղել բժիշկը, որը եւ ի դեմս «ավատարի»  զրուցել է հիվանդների հետ՝ փոխված ձայնով եւ կոնկրետ մարդու հալյուցիանցիաներին հատուկ արտահայտություններով: Զուգահեռ գրանցվել է փորձի մասնակցի գլխում լսվող «ձայների» ինտենսիվությունը:



© NEWS.am Medicine