Ճանաչենք հիվանդությունները. Օստեոարթրոզ

19:25   28 նոյեմբերի, 2017

Դուք, հավանաբար, որոշ հիվանդությունների մասին ոչ մի անգամ չեք լսի, եթե, իհարկե, բժիշկ չեք: Բայց կան հիվանդություններ, որոնց կարող է բախվել յուրաքանչյուրը, եւ դրանց մասին չիմանալ չի կարելի:

NEWS.am Medicine-ը նոր խորագրի ներքո ներկայացնում է այն հիվանդությունները, որոնց մասին յուրաքանչյուրը պետք է տեղյակ լինի՝ իմանալու համար, թե դրանք ինչ վտանգ են ներկայացնում, ինչպես կարելի է պաշտպանվել եւ ինչ պետք է անել, եթե, այնուամենայնիվ, հիվանդացել եք:

Այսօրվա թեման քրոնիկական օստեոարթրոզն է: Այս հիվանդության մասին ավելին իմանալ NEWS.am Medicine-ի թղթակցին օգնեց «Աստղիկ» բժշկական կենտրոնի վնասվածքաբան-օրթոպեդ, բժշկական գիտությունների թեկնածու Ռուբեն Գալստյանը։

Ի՞նչ է օստեոարթրոզը:

Օստեոարթրոզը (այլ կերպ՝ արթրոզ կամ արթրիտ) բազմաէթիոլոգիկ հիվանդություն է, այսինքն՝ բազմաթիվ ծագումնաբանական եւ պատճառաբանական հիվանդություն, որի ժամանակ ախտահարվում է աճառային հյուսվածքը. Այն անդառնալի փոփոխությունների է ենթարկվում: Օստեոարթրոզը կարող է ախտահարել մեկ-երկու կամ բազմաթիվ հոդեր:

Ինչպիսի՞ տարածվածություն ունի օստեոարթրոզը:

Օստեոարթրոզով տառապում է մոլորակի բնակչության 10%-ը, սակայն կանանց մոտ այս հիվանդությունը շուրջ 2 անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց: ԱՄՆ-ում, օրինակ, օստեոարթրոզով տառապում է բնակչության 15%–ը, Եվրոպայում՝ 16-18%–ը, սակայն Հայաստանի պարագայում ճշգրիտ տեղեկատվություն չկա:

Որո՞նք են օստեոարթրոզի առաջացման գործոնները:

Առաջին հերթին օստեոարթրոզի առաջացման գործոն է տարիքը։ 50 տարեկանից հետո օստեոարթրոզի առաջացման հավանականությունը շուրջ 6 անգամ մեծանում է, մեծ դեր ունեն նաեւ ժառանգականությունն ու ավելորդ քաշը: Գլխավոր պատճառներից են ծնկահոդի վնասվածքները, որոնք հանգեցնում են հետտրավմատիկ օստեոարթրոզի առաջացման, ինչպես նաեւ նյութափոխանակության խանգարումներն ու այլ հիվանդություններ:

Որո՞նք են օստեոարթրոզի ախտանշանները:

Օստեոարթրոզի հիմնական կլինիկական ախտանշանն ախտահարված հոդում ցավն է, որն ուժեղանում է ծանրաբեռնվածության ժամանակ, իսկ հանգիստ վիճակում՝ մեղմանում: Թմրությունը հոդերում, որն առաջանում է առավոտյան կամ երկար ժամանակ նույն դիրքում պահելուց հետո, եւ տեւում է 5-10 րոպե, ցավ շարժումների ժամանակ եւ շարժունակության սահմանափակում:

Ի՞նչ հետազոտություններ պետք է անցնի հիվանդը՝ օստեոարթրոզի մասին իմանալու համար:

Առաջին հերթին մասնագետի զննում, որից հետո պետք է արվի ռենտգեն հետազոտություն, որն ամենակարեւոր հետազոտությունն է եւ թույլ է տալիս նաեւ ռենտգենաբանորեն ճշտել, թե որ աստիճանի օստեոարթրոզ է պացիենտի մոտ: Հետո նաեւ ՄՌՏ հետազոտություն եւ հոդերի սոնոգրաֆիա:

Որո՞նք են բուժման տեսակները:

Ցավոք՝ օստեոարթրոզը չբուժվող հիվանդություններից է: Այս դեպքում բոլոր միջոցառումները պահպանողական, ցավը թեթեւացնելու եւ այն վերահսկելի դարձնելու, հիվանդության առաջընթացը կասեցնելու նպատակ են հետապնդում:

Ի՞նչ է պետք անել ստորին վերջույթների օստեոարթրոզների ժամանակ:

Ավելորդ քաշ ունեցող մարդկանց համար շատ կարեւոր է քաշը նվազեցնելը: Մասնագետները զգուշացնում են, որ ցանկացած բուժում անարդյունավետ է, եթե մարդը չի նվազեցնում քաշը: ԱՄՆ-ում եթե հիվանդը չի նվազեցնում քաշը, չի հետեւում դիետային, խորհուրդ են տալիս դիմել հոգեբանի կամ հոգեթերապեւտի: Գոյություն ունեն ներհոդային ներարկումներ, որոնք պահպանում են հոդը, 6-12 ամիս շարունակ թեթեւացնում ցավերը: Բայց այդ դեղորայքն արդյունավետ է օստեոարթրոզի սկզբնական փուլերում: Բավական արդյունավետ են արթրոսկոպիկ միջամտությունը եւ շտկող օստեոտոմիաները:

Իսկ ի՞նչ է էնդոպրոթեզավորումը:

Ծանր օստեոարթրոզների ժամանակ կատարվում է վիրահատություն՝ էնդոպրոթեզավորում, հոդի փոխարինում արհեստական հոդով, որը թույլ է տալիս վերականգնել դրա աշխատանքն ու հիվանդին ազատել ցավերից: Բայց հիմա աշխարհում ոչ միայն վերջին փուլի օստեոարթրոզների ժամանակ է կատարվում էնդոպրոթեզավորում, այլեւ միջին աստիճանի օստեոարթրոզների ժամանակ, երբ հիվանդի ցավերը չեն թեթեւանում կամ հիվանդը ցանկանում է ընդհանրապես ազատվել ցավերից: Այսինքն՝ թողնում են հիվանդի հայեցողությանը:

Էնդոպրոթեզավորումն արդյունավետ միջո՞ց է:

Ամբողջ աշխարհում տարեկան միայն կոնք-ազդրային հոդի շոււրջ 1.5 մլն էնդոպրոթեզավորում է կատարվում, ծնկահոդի՝ երկու անգամ ավելի: Խորհրդային միության տարիներին ԽՍՀՄ արտադրության էնդոպրոթեզներ էին տեղադրվում, որոնք ոչ բավարար ապրոբացիա էին անցնում, մետաղը կորոզիայի էր ենթարվում, կոտրվում էր: Մի խոսքով՝ խնդիրները շատ էին, որոնց պատճառով երկար ժամանակ հրաժարվեցինք էնդոպրոթեզավորումից: Սակայն 1990-ականների վերջին եւ հիմա տարեցտարի արագ տեմպերով ավելանում է վիրահատությունների թիվը: Այժմ Հայաստանում բազմաթիվ եվրոպական, ամերիկյան, հարավկորեական էնդոպրոթեզներ կան, որոնք ներկայացված են աշխարհի լավագույն արտադրողների կողմից: Մեր մասնագետներն էլ պարբերաբար փորձի փոխանակում են իրականացնում արտասահմանյան առաջատար մասնագետների հետ, ինչի արդյունքում բարձրացել է վիրահատության որակը, հիվանդներն ավելի վաղ են վերականգնվում: Պետք է նշեմ, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնում այսօր մենք հաջողությամբ իրականացնում ենք հոդերի էնդոպրոթեզավորում հայտնի ընկերությունների որակյալ իմպլանտների կիրառմամբ։

Ի՞սկ ինչ խորհուրդ կտաք նոր հայտնաբերված օստեոարթրոզով հիվանդներին:

Դիմել մասնագետի, նվազեցնել քաշը, քանի որ օստեոարթրոզով հաճախակի հիվանդանում են ավելորդ քաշ ունեցող մարդիկ:

 



© NEWS.am Medicine