Ցածր կալորիական սննդակարգը կարող է մի քանի տարով երկարացնել կյանքը. գիտնականներ

11:41   29 նոյեմբերի, 2017

Ցածր կալորիական սննդակարգն օգտակար է ոչ միայն կազմվածքի համար, այլ նաեւ՝ առողջության։ Այն կարող է կյանքը երկարացնել մի քանի տարով, պնդում են Շոտլանդիայի University of Aberdeen–ի գիտնականները։

Նրանք հավաքել են 1966-216թթ. իրականացրած 54 կլինիկական հետազոտությունների տվյալները, որոնց մասնակցել է 30 206 պացիենտ։ Բոլոր հետազոտությունները հաշվի են առել նիհարելու համար կիրառված սննդակարգերը, որոնք կրճատում են ճարպերի եւ ածխաջրերի քանակը։

54 հետազոտություններից 34-ը միանշանակ ցույց են տվել, որ այդ սննդակարգերի արդյունքում կորցրած քաշը զգալիորեն կրճատում է ճարպակալումով հիվանդների մոտ մահվան ռիսկը։ 15 176 հիվանդների տվյալների հիման վրա նկատվել է, որ քաշի կորստի եւ նոր սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկի կրճատման միջեւ միանշանակ կապ գոյություն ունի։

Գիտնականները նաեւ պարզել են, որ ճարպակալումից տառապող մարդկանց մոտ ցածր կալորիականությամբ սննդակարգերը վաղ մահվան հավանականությունը 18 տոկոսով կրճատում են։ Այդ արդյունքը կարելի է նկատել ինչպես դիետայի միջոցով նիհարած պացիենտների, այնպես էլ ֆիզիկական վարժություններով նիհարածների մոտ։

«Ճարպակալումը բացասաբար է անդրադառնում օրգանիզմի շատ համակարգերի վրա։ Օրական կալորիաների սպառումը կրճատելու միջոցով նիհարելը եւ փոքր քանակությամբ ճարպերի ու ածխաջրերի ընդունումը մեծապես նվազեցնում է ճարպակալումով տառապող մարդկանց շրջանում վաղաժամ մահվան հավանականությունը»,– նշել է հետազոտության հեղինակ Էլիսոն Ավենելը։

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ ճարպակալումը զգալիորեն կրճատում է շատ հիվանդությունների ռիսկը, որոնք վաղաժամ մահվան են հանգեցնում։ Տիպիկ խնդիրների թվում են 2-րդ տեսակի շաքարախտը, սրտանոթային հիվանդությունները, արյան բարձր ճնշումը եւ խոլեստերինի բարձր մակարդակը։

Բժիշկ Էնդրյու Ֆրիմանը՝ հետազոտության հեղինակներից մեկը, իր հերթին նշել է, որ ճարպերի եւ ածխաջրերի օգտագործումը կրճատելու միջոցով նիհարելը նաեւ նվազեցնում է օնկոլոգիական հիվանդությունների ռիսկը։ Սակայն օնկոլոգիական  հիվանդությունների մասին տվյալները գիտնականները բավարար չեն համարում վերջնական եզրակացություններ անելու համար։

 



© NEWS.am Medicine