Աչքի հրազենային վիրավորում ստացած տղամարդը չի մահացել եւ անգամ չի կուրացել

11:59   5 դեկտեմբերի, 2017

Դեպքերի ճնշող մեծամասնության ժամանակ գլխի կամ աչքի հրազենային վիրավորումը հանգեցնում է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների կամ մարդուն հաշմանդամ է դարձնում։ Սակայն JAMA Ophthalmology ամսագրում նկարագրվում է մի դեպք, երբ աչքի հրազենային վիրավորում ստացած 45-ամյա տղամարդը ոչ միայն ողջ է մնացել, այլ նաեւ չի կուրացել։

Ամսագրի հրապարակած ապշեցուցիչ լուսանկարներում երեւում է փամփուշտը, որը խցանվել էր տղամարդու ակնախոռոչի մեջ։ Հեղինակների խոսքով՝ տղամարդը աչքի հրազենային վիրավորում է ստացել 22 մմ տրամաչափով ատրճանակից։ Նրան հաջողվել է խուսափել մահից, քանի որ փամփուշտը սկզբում անցել է դռան միջով, դանդաղեցրել արագությունը՝ նախքան ակնախոռոչը խոցելը։

Խոսելով այս դեպքի մասին՝ Սան Ֆրանցիսկոյի University of California–ի բժիշկները նշում են, որ սովորաբար հրազենային վիրավորումների ծանրությունը կախված է փամփուշտի չափից եւ հետագծից։ Հրազենի փամփուշտները սովորաբար խոշոր են եւ մեծ արագությամբ են շարժվում, քան օդամուղ ատրճանակի փամփուշտները։

Այս տղամարդու դեպքում, ինչպես ասում են բժիշկները, իսկական հրաշք է տեղի ունեցել, քանի որ նրա վրա կրակել են հենց հրազենով։ Նրա աջ աչքի տեսողությունը բժիշկները գնահատում են 20/70, ինչն ուղղակի զարմանալի է՝ հաշվի առնելով, որ հենց այդ աչքն է խոցել փամփուշտը։

Բժիշկ Ռեզա Վասղեֆիի ղեկավարությամբ ակնավիրաբույժները հանել են փամփուշտը ակնախոռոչից եւ պահպանել աչքը։ Վիրահատությունից հետո աչքի ցավն անցել է, իսկ հիվանդը սկսել է ինքնուրույն տեսնել։



© NEWS.am Medicine