Որո՞նք են ողնաշարային ճողվածքների ոչ վիրահատական բուժման ձեւերը

21:05   6 դեկտեմբերի, 2017

Գոյություն ունի ողնաշարային ճողվածքների բուժման մի քանի ձեւ՝ կախված դրանց չափերից, քանակից, տեղակայման վայրից: Եթե ճողվածքների բուժման համար վիրահատական ցուցումներ չկան, ապա դրանք հաջողությամբ բուժվում են մի շարք կոնսերվատիվ մեթոդների համադրությամբ. ֆիզիոթերապիայի, կինեզիոթերապիայի, ասեղնաբուժության եւ դեղորայքային թերապիայի։

Ֆիզիոթերապիա

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Աստղիկ» բժշկական կենտրոնի ֆիզիոթերապեւտ Աննա Գյոզալյանը, Ֆիզիոթերապիան ընդգրկում է էլեկտրաբուժություն, բուսաբուժություն, պարաֆինաբուժություն եւ այլն, եւ այն շատ արդյունավետ է բազմաթիվ հիվանդությունների, այդ թվում նաեւ ճողվածքների բուժման դեպքում:

Ըստ նրա՝ճողվածքների բուժման համար կիրառվում է կարիպազիմ դեղամիջոցը, եթե իհարկե պացիենտը դրա նկատմամբ ալերգիա չունի: Ճողվածքի չափերից ու տեղակայումից կախված՝ կարող է կատարվել մինչեւ երեք կուրս, յուրաքանչյուրը՝ 20–30 օր տեւողությամբ։

Կարիպազիմը բուժման ընթացքում փոքրացնում է ճողվածքը, որի արդյունքում նյարդն ազատվում է ճնշումից եւ ցավերը մեղմանում են: «Դրան հավելելով ֆիզիկական վարժություններն՝ ապահովում ենք արդյունավետ բուժում», – ասաց նա։

Սակայն ֆիզիոթերապիան ունի հակացուցումներ, որոնց թվում են ուռուցքները, արյունահոսությունները, ինչպես նաեւ կարիպազիմի նկատմամբ գերզգայունությունը:

Ինչպես նշեց Աննա Գյոզալյանը՝ բուժման այս ձեւը կարելի է կիրառել նաեւ որոշ վիրահատություններից առաջ կամ հետո, երբ հիվանդի մոտ ճողվածքների նկատմամբ հակվածություն է նկատվում: Այս պարագայում վիրահատող բժիշկն ինքն է խորհուրդ տալիս պացիենտին՝ ստանալ կարիպազիմով էլեկտրոֆորեզ՝ ճողվածքի հետագա զարգացումը կանխելու նպատակով:

«Սակայն լինում են մեծ ճողվածքներ, որոնք արդեն այս մեթոդով անհնար է բուժել եւ հիվանդը վիրահատական բուժման կարիք է ունենում», – նշեց ֆիզիոթերապեւտ Գյոզալյանն՝ ընդգծելով, որ բժիշկն է ընտրում, թե բուժման որ ձեւն է արդյունավետ՝ կախված հետազոտության արդյունքներից: Բոլոր այն դեպքերում, երբ ընտրվում է բուժման ֆիզիոթերապեւտիկ ձեւը, պացիենտները, տարվա ընթացքում 2-3 կուրս բուժվելուց հետո իրենց լավ են զգում եւ կանխվում է ճողվածքի հետագա զարգացումը:

Ասեղնաբուժություն

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակիցի հետ զրույցում նշեց «Աստղիկ» ԲԿ ասեղնաբույժ Հակոբ Առաքելյանը, ճողվածքների բուժման համար հաճախ կիրառվում է նաեւ ասեղնաբուժությունը, որն ընդհանուր առմամբ, ունի օրգանիզմի նյարդային համակարգը հանգստացնող, իսկ ճողվածքների դեպքում՝ նաեւ ցավազրկող հատկություն, որը շատ կարեւոր է: Ասեղնաբուժությունը բարելավում է նաեւ արյան շրջանառությունն ու տվյալ հատվածի սնուցումը, եւ դա ավելի է արագացնում առողջացման ու կազդուրման գործընթացը:

«Ինչ վերաբերում է ողնաշարային ճողվածքներին, ապա ռեֆլեկտոր ճանապարհով ազդելով տվյալ հատվածի վրա՝ միանգամից նախ ցավազրկող էֆեկտ ենք ապահովում, ապա հանում ենք մկանային լարվածությունը, որը հավելյալ սեղմում է ողնաշարին։  Վերջինս զսպանակի հատկություն ունի, եւ մկանը թուլացնելով այն բացվում է ու ազատ թողնում նյարդարմատին», – ասաց նա։

Ինչպես նշեց մասնագետը՝ ասեղնաբուժության ազդեցության երկու մեխանիզմ կա. «Մի դեպքում այն ներգործում է մարմնի վրա գոյություն ունեցող ընդհանուր կազդուրիչ կետերի խմբի վրա, եւ, ընդհանուր առմամբ, թուլացնելով նյարդային համակարգը՝ նաեւ տեղային ցավազրկող ու սնուցող արդյունք է ապահովում: Մյուս դեպքում դա արվում է հատվածաբար: Այսինքն, եթե գոտկային հատվածում է ճողվածքը, ապա մենք ընդգրկում ենք մի սեգմենտ վերեւ եւ երկու սեգմենտ ներքեւ ընկած հատվածը, որպեսզի նյարդի լարվածությունն ու գրգռվածությունը հնարավորինս հանենք»:

Ըստ Հակով Առաքելյանի, սովորաբար ասեղնաբուժության մի կուրսը տեւում է 15-20 օր, որից հետո ընդմիջում է արվում նույնքան ժամանակով: Այդպես կարելի է անել երեք կուրս:

Նա հավելեց, որ ասեղնաբուժությունն, ինչպես բուժման այլ մեթոդները եւս, ունի իր հակացուցումները: Դրանք բոլոր չճշտված ախտորոշումներն են. մինչեւ ճշգրիտ ախտորոշում չլինի, այս մեթոդը չի կիրառվում: «Ասեղնաբուժության համար հակացուցում են նաեւ պացիենտի բարձր ջերմությունը, հյուծվածությունն ու շատ մեծ տարիքը։ Հակացուցումներ են նաեւ սիրտ-թոքային, երիկամային կամ լյարդի անբավարարությունը, ուռուցքները: Եթե ճողվածքը մեծ է, ապա նյարդարմատի վրա ճնշումն էլ շատ մեծ է, հետեւաբար ցավերն էլ շատ են, այդ դեպքում նպատակահարմար է վիրահատություն կատարել: Մեծ ճողվածքների դեպքում մենք ասեղնաբուժության մեթոդին չենք դիմում, քանի որ արդյունավետ բուժման հավանականությունը նվազում է», – ասաց նա։

Կինեզոթերապիա

«Աստղիկ» ԲԿ կինեզիթերապեւտ Կարեն Ղուկասյանը NEWS.am Medicine-ի թղթակիցի հետ զրույցում նշեց , որ ֆիզիոթերապիան եւ ասեղնաբուժությունը համադրելով կինեզոթերապիայի հետ՝ կարելի է էլ ավելի մեծացնել բուժման արդյունավետությունը: «Կինեզոթերապիան կամ բուժական ֆիզկուլտուրան վերականգնում է մտքի եւ մարմնի շարժումները: Այն դրական է ազդում հատկապես հենաշարժական համակարգի վրա», –  ասաց կինեզոթերապեւտը՝ նշելով, որ այն ցուցված է նաեւ ճողվածքների, օստեոպորոզի, օստեոխոնդրոզի, գլխացավերի դեպքում, որոնց ժամանակ հատուկ վարժություններ են կատարվում: Կինեզոթերապիան կիրառվում է հիմնականում վերականգնողական նպատակներով՝զուգակցվելով նաեւ մերսման եւ բուժման այլ մեթոդների հետ, նշեց մասնագետը:

Ըստ նրա՝ կինեզոթերապիայի համար հակացուցումներ են ուռուցքային հիվանդությունները եւ արյունահոսությունները:

«Ինչ վերաբերում է ճողվածքներին, ապա այստեղ էական են ոչ այնքան ճողվածքի չափերը, որքան տեղակայման վայրը եւ քանակը: Մասնագետը կարող է որոշել վարժությունների այն շարքը, որի դեպքում դեղորայքի ազդեցությունն ավելի մեծ կլինի, եւ որի շնորհիվ ողերը կուղղվեն», – ասաց նա։

Այսպիսով, Ճողվածքները կարող են բուժվել թերապեւտիկ միջոցներով՝ արդյունավետորեն  կիրառելով կարիպազիմը: Դեղորայքային բուժումը կարելի է համադրել կինեզոթերապիայի եւ ասեղնաբուժության հետ: Կեցվածքի շեղումների, օստեոխոնդրոզների եւ մի շարք այլ հիվանդությունների դեպքում կարող են համադրվել կինեզոթերապիան եւ մերսումները:

Ինչպես նշեց մասնագետը, ե՛ւ կինեզոթերապիան, ե՛ւ մերսումները շատ լավ են ազդում մարդու նյարդային համակարգի վրա, միայն պետք է հաշվի առնել պացիենտի նեւրոտիկ վիճակը: Որոշ հիվանդներ, որոնք օստեոխոնդրոզ, գլխացավ կամ այլ խնդիր ունեն, ուժեղ ցավերի հետեւանքով ավելի դյուրագրգիռ են դառնում եւ չեն կարողանում ազատվել այդ վիճակից։ Այդ պարագայում, բացի կինեզոթերապիայից ու մերսումից, մեծ արդյունավետություն ունեն նաեւ ֆիզիոթերապիան եւ ասեղնաբուժությունը:



© NEWS.am Medicine