Էրեբունի ԲԿ–ն նախաձեռնում է «Նոր տարին առանց առիթմիայի» ակցիան

22:31   5 դեկտեմբերի, 2017

Էրեբունի Բժշկական Կենտրոնում ներդրվել է առիթմիաների աբլյացիայի եւ բուժման ժամանակակից համակարգ՝ քարտեզավորման եռաչափ համակարգ, որ հնարավորություն է ընձեռնում կազմել սրտի եռաչափ պատկեր եւ իրական ժամանակում հետեւել էլեկտրական իմպուլսի տարածմանը սրտի խոռոչներով։ Ներդրված համակարգի միջոցով հնարավոր է դառնում հստակ հայտնաբերել առիթմիայի օջախը եւ ռադիոհաճախային աբլյացիայի միջոցով այրել եւ վերացնել այն։

Համակարգը հնարավորություն է տալիս գնահատել կատարվող աբլյացիայի (այրման) էֆեկտիվությունը եւ խորությունը, այսպիսով նվազեցնելով ներվիրահատական ռիսկերը եւ բարձրացնելով էֆեկտիվությունը։ Ներդրված համակարգի միջոցով հնարավոր կդառնա բարձր էֆեկտիվությամբ կատարել այնպիսի տարածված եւ վտանգավոր առիթմիաների աբլյացիաներ, ինչպիսիք են նախասրտերի ֆիբրիլյացիա (շողացող առիթմիա) եւ փորոքային տախիառիթմիաներ։ Էրեբունի Բժշկական Կենտրոնի Առիթմոլոգիայի ծառայության անձնակազմը անցել է համապատասխան վերապատրաստումներ քարտեզավորման եռաչափ համակարգով աշխատելու համար։

Ի հավելումն վերը նշվածի Էրեբունի ԲԿ նախաձեռնում է «Նոր տարին առանց առիթմիայի» ակցիան, որի շրջանակներում կկատարվեն բարդ առիթմիաների աբլյացիաներ ճկուն զեղչային համակարգով: Ակցիայի նպատակը հասարակության խոցելի հատվածին ժամանակակից բուժօգնության տրամադրումն է:



© NEWS.am Medicine