21:24 5 դեկտեմբերի, 2017Հասարակական վայրերում ծխելն արգելող նոր օրինագիծը խորհրդարանի քննարկմանը կդրվի 2018-ի 2-րդ եռամսյակի վերջին: Դրա շուրջ քննարկումները ծրագրվում է սկսել արդեն 3-րդ եռամսյակի սկզբին: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:
Ըստ նրա՝ օրինագիծն արդեն այսօր քննարկվում է տարբեր գերատեսչություններում: Առաջիկա շաբաթներում ծրագրվում է արձագանքներ եւ մեկնաբանություններ ստանալ, որից հետո օրինագիծն ամբողջությամբ կարելի կլինի ներկայացնել կառավարությանը:
Այն հարցին, թե արդյոք օրինագիծը խորհրդարանում, որտեղ պատգամավորների մեծ մասը ծխում է, ադեկվատ կընդունեն, նախարարը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ խորհրդարանում հեռատես ու խելացի մարդիկ են հավաքվել, եւ այդ նախագծից 100 տոկոսանոց հաջողություն եմ ակնկալում»:
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունը հանդես է եկել ծխախոտի դեմ պայքարի ռազմավարական ծրագրով, որը 4 բաղադրիչ է նախատեսում՝ օրենսդրական, միջազգային, գովազդային-հոգեբանական եւ առողջապահական:
Ռազմավարության շրջանակներում նախատեսվում է նաեւ հասարակական բոլոր փակ վայրերում ծխելն արգելելու մասին նոր օրենքի մշակում: Նախարարության ներկայացուցիչների խոսքով՝ ռազմավարության նպատակը Հայաստանի բնակչության առողջության պահպանումն է: