Փորձագետ. Առաջիկա 10 տարում բժշկությունը կարող է հրաժարվել սրտի փոխպատվաստումից

17:55   6 դեկտեմբերի, 2017

Առաջիկա 10 տարում բժշկությունը կարող է հրաժարվել սրտի փոխպատվաստումից՝ հօգուտ արհեստական պոմպերի ու ցողունային բջիջներով բուժման: Այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել Օքսֆորդի Ջոն Ռեդքլիֆի հիվանդանոցի առաջատար սրտային վիրաբույժ, պրոֆեսոր Ստեֆան Ուեսթեբին սրտի փոխպատվաստման աշխարհում առաջին վիրահատության 50-ամյակի կապակցությամբ։

«Փոխպատվաստումից հետո որոշ մարդիկ կյանքի բարձր որակով ապրում են եւս 20 տարի: Բայց մենք կարող ենք բուժել միայն հիվանդների 1 տոկոսին: Բացի այդ՝ փոխպատվաստման ժամանակ ծագում է մյուս կյանքի արժեքավորության հարցը: Այսինքն՝ ինչ-որ մի երիտասարդ մարդ պետք է մահանա, որ մյուսն իրական շահ ունենա: Ես կարծում եմ, որ արհեստական սրտի (պոմպ) եւ ցողունային բջիջներով բուժման  համադրումը հիանալի այլընտրանք է, որն ի վիճակի է օգնել մեծ թվով մարդկանց»,- ասել է պրոֆեսորը:

Գաղտնիք չէ, որ նոր սիրտ ստանալու համար պացիենտը պետք է հերթագրվի եւ սպասի: Նախ բժիշկները որոշում են, թե արդյոք նրա թեկնածությունը համապատասխանում է սիրտը փոխելու համար: Ապա սկսվում է հերթականությամբ դոնորական օրգանի ընտրությունը:

Հայտնի է, որ դա կարող է տարիներ տեւել: Յուրաքանչյուր 5-րդ սրտաբանական պացիենտն այդպես էլ չի ստանում նոր սիրտ, իսկ 50 տոկոսն այն ստանում են երեք տարվա ընթացքում: Խնդիրն այն է, որ դոնորական օրգանները միշտ բավարար չեն: Դա ստիպում է դիմել այլընտրանքային որոշումների:



© NEWS.am Medicine