Յուրաքանչյուր երրորդ կաթվածն առաջանում է անոթներում ճարպաշերտերի պատճառով. հետազոտություն

11:51   7 դեկտեմբերի, 2017

Իշեմիկ կաթվածների 30 տոկոսը կապված է աթերոսկլերոզի հետ (անոթներում ճարպերի կուտակում), որը խախտում է ուղեղին արյան մատակարարումը: Իսկ կաթվածների 25 տոկոսի պատճառը սրտում թրոմբների առաջացումն է, որոնք հետո ուղեղում են հայտնվում եւ խցանում այն սնուցող խոշոր անոթներից մեկը: Այս մասին նշված է հետազոտության մեջ, որը Հնդկաստանի 5 բժշկական կենտրոններում անցկացրել են Massachusetts General Hospital-ի (ԱՄՆ) գիտնականների մասնակցությամբ:

Հետազոտողները պարզել են, որ կաթված տարած մասնակիցների 32 տոկոսը ծխել է, 61 տոկոսը տառապել հիպերտոնիայով եւ 36 տոկոսը՝ դիաբետով: Կաթվածից հետո 44 տոկոսը անաշխատունակ է դարձել:

Մասնագետները մեկ անգամ եւս ընդգծել են կաթվածի ժամանակին հայտնաբերման կարեւորությունը: Հիվանդը որքան վաղ է հիվանդանոց դիմում, այնքան լավ կանխատեսում է լինում:

Կաթվածը ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում է, որին բնորոշ է հանկարծակի (մի քանի րոպեի, ժամերի ընթացքում) օջախի եւ/կամ ընդհանուր ուղեղային ախտանիշների առաջացումը, որը պահպանվում է 24 ժամից ավելի կամ հիվանդի մահվան է հանգեցնում  ցերեբրավասկուլյար պաթոլոգիայի հետեւանքով:

Գիտությունն այսօր տարբերակում է կաթվածի 2 տեսակ՝ իշեմիկ եւ հեմոռագիկ:



© NEWS.am Medicine