Երեխաների համար վնասակար է շատ խաղալիք ունենալը. գիտնականներ

10:47   8 դեկտեմբերի, 2017

Չափից ավելի մեծ քանակությամբ խաղալիք ունենալը կարող է նպաստել երեխայի մոտ ուշադրության դեֆիցիտի համախտանիշի եւ վարքի այլ խանգարումների զարգացմանը: Այս մասին զգուշացնում են ԱՄՆ Օհայո նահանգի Տոլեդոյի համալսարանի գիտնականները:

Հետազոտությանը, որի արդյունքները հրապարակվել են Infant Behaviour and Development ամսագրում, մասնակցել է մանկահասակ 36 երեխա, որոնց տարել են 4 կամ 16 խաղալիքով խաղասենյակներ: Պարզվել է, որ խաղալիքների մեծ քանակությունը երեխաներին շեղել է, նրանց ուշադրությունը ցրել եւ խաղը կարճատեւ դարձրել: Մյուս խմբի երեխաները, որտեղ ընդամենը 4 խաղալիք է եղել, ավելի կենտրոնացած եւ կրեատիվ էին:

Գիտնականները ծնողներին, մանկապարտեզների դաստիարակներին եւ դպրոցների ուսուցիչներին խորհուրդ են տալիս վերացնել խաղալիքների մեծ մասը՝ երեխաների երեւակայության եւ սոցիալականացման զարգացմանը նպաստելու համար:

Գիտնականների խոսքով՝ Բրիտանիայում միջինվիճակագրական երեխան 200-ից ավելի խաղալիք ունի, սակայն մշտապես խաղում է դրանցից միայն մի քանիսով: Մնացյալ բոլոր խաղալիքներն իրականում նրան պետք չեն, դրանք միայն խանգարում են նրա զարգացմանը:

Ուշադրության դեֆիցիտի համախտանիշը զարգացման վարքային խանգարում է, որը մանուկ տարիքում է սկսվում: Ախտանիշներից են՝ ուշադրության կենտրոնացման դժվարությունը, հիպերակտիվությունը եւ իմպուլսիվությունը: Մեծ տարիքում այսպիսի երեխաների մոտ հաճախ նկատվում է ցածր ինտելեկտ եւ տեղեկության ընկալման դժվարություն:



© NEWS.am Medicine