Հնարավո՞ր է վիժումը կանխել

16:27   10 դեկտեմբերի, 2017

Վիժումների մեծ մասն անհնար է կանխել, պնդում են բրիտանական NHS Choices-ի մասնագետները: Սակայն կան մի քանի կանոններ, որոնց հղի կանանց խորհուրդ է տրվում հետեւել, եւ որոնք կօգնեն վիժման հավանականությունը նվազագույնի հասցնել:

Այսօր ամբողջ աշխարհում բավականին մեծ թվով վիժումներ են գրանցվում, եւ որոշ դեպքերում դրանց պատճառը հաջողվում է պարզել, իսկ որոշ դեպքերում՝ ոչ: Եթե վիժման պատճառը հայտնի է, որոշ դեպքերում կնոջը կարելի է բուժում առաջարկել, որը կկանխի հետագա վիժումները:

NHS Choices-ի մասնագետները հայտնել են վիժում առաջացնող մի քանի խնդիրների մասին, որոնք հնարավոր է բուժել:

Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ

Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշը վիճակ է, որի դեպքում հիվանդի արյան մեջ թրոմբներ են առաջանում, որոնք եւ դառնում են վիժման պատճառը: Այսօր հակաֆոսֆոլիպիդային համախտանիշը հաջողությամբ բուժվում է դեղորայքով, իսկ եթե նախապես է հայտնի հիվանդի մոտ այս համախտանիշի առկայության մասին, հղիության ժամանակ որոշ դեղամիջոցների ընդունումը կարող է էապես կրճատել վիժման հավանականությունը:

Արգանդի վզիկի թուլացում

Արգանդի վզիկի թուլացումը վիժման եւս մեկ տարածված պատճառ է: Այս դեպքում դեղորայքային բուժում չկա, սակայն հիվանդին կարող են ոչ բարդ միջամտություն առաջարկել, որի ընթացքում վզիկի վրա կարեր են դրվում, որոնք թույլ չեն տալիս այն բացվի: Սովորաբար սա արվում է 12-շաբաթական հղիության ժամանակ: 37-շաբաթականում այս կարերը հանվում են:

Մասնագետները նշում են, որ եթե կնոջ մոտ 3 կամ ավելի վիժում է եղել, ցանկալի է բժշկի դիմել՝ պատճառը պարզելու եւ ապագայում վիժումները կանխելու համար:


© NEWS.am Medicine