Գիտնականներ. Գեներն սկսում են փոփոխվել բեղմնավորումից անմիջապես հետո

13:11   12 դեկտեմբերի, 2017

Հարյուրավոր փոքրիկ գենետիկ փոփոխություններ են սկսում առաջանալ սաղմի բջիջներում, բեղմնավորումից քիչ ժամանակ անց, պարզել են Յելի համալսարանի եւ Մայոյի կլինիկայի գիտնականները: Science ամսագրում հրապարակված նրանց հոդվածում նշվում է, որ այդ փոփոխություններից շատերը տեղի են ունենում այն ժամանակ, երբ սաղմի մոտ ձեւավորվում են սեռական բջիջները: Դա նշանակում է, որ այդ փոփոխությունները կարող են գենոմի մաս կազմել եւ փոխանցվել հաջորդ սերնդին:

Գիտնականները պնդում են, որ առաջին գենետիկ փոփոխությունները նման են քաղցկեղ առաջացնող փոփոխություններին: Այսպես՝ քաղցկեղը կարող է բջջի բաժանման նորմալ «կողմնակի արտադրանք» լինել:

Գիտնականները հուսով են, որ իրենց հետազոտությունները թույլ կտան ավելին իմանալ այնպիսի խանգարումների պատճառների մասին, ինչպիսին աուտիզմն ու շիզոֆրենիան են: Բացի այդ, հնարավոր է պարզ դառնա, թե ինչու վտանգավոր փոփոխությունների բոլոր կրողների մոտ  չէ, որ առաջանում է գենետիկ հիվանդություն:

Ի դեպ, Չիկագոյի համալսարանի հետազոտողները պնդում են, որ բոլոր մարդիկ էլ վտանգավոր փոփոխությունների կրողներ են. յուրաքանչյուրն ունի 1-2 փոփոխություն, որը կարող է լուրջ ժառանգական  հիվանդություն կամ ներարգանդային մահ առաջացնել: Սակայն այդ հիվանդություններն առավելապես  ի հայտ են գալիս այն դեպքում, երբ ժառանգվում են միեւնույն փոփոխության 2 օրինակ:



© NEWS.am Medicine