Պարզվում է՝ «պլաստիկե» բրինձը անորակ կոտրատված բրինձ է. մասնագետ

17:27   14 դեկտեմբերի, 2017

Պարզվել է, որ «պլաստիկե բրինձը», որի դեմ բողոքել են հայ սպառողները, ամենեւին էլ պլաստիկից չի պատրաստված, այլ ցածրորակ կոտրատված բրինձ է: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը:

Նրա խոսքով՝ սպառողներից բողոքներ ստանալով՝ Սննդամթերքի անվտանգության ծառայությունը այցելել է այն խանութ, որտեղ գնվել էր «պլաստիկե» բրինձը, եւ որն անհնար էր եղել եփել: Խանութում վերցվել են այդ բրիձի նմուշներ, իսկ վաճառողը ցույց է տվել համապատասխանության հավաստագիրը, որի համաձայն՝ մթերքն արտադրվել էր Ռուսաստանի Դաշնությունում եւ նշվել էր որպես առաջին տեսակի բրինձ: Բրինձի նմուշներ են վերցվել նաեւ ներմուծող «Արմեն-Հասմիկ» ընկերության պահեստում: Փորձագետները նմուշներ են վերցրել մեր խանութներում վաճառվող բրինձի եւս 10 այլ տեսակներից:

Այս բոլոր նմուշները ստուգվել են լաբորատորիայում, կատարվել են նաեւ մի քանի թեստ փորձարկումներ: Պարզվել է, որ այս կասկածելի բրինձն, այնուամենայնիվ, բրինձ է, այլ ոչ թե սինթետիկ արտադրանք, բայց ոչ մի դեպքում՝ առաջին տեսակի: Հետաքրքիր էր նաեւ այն, որ ենթադրյալ ներմուծողի պահեստից վերցրած բրինձի նմուշը լիովին համապատասխանում էր իր հավաստագրին եւ տարբերվում էր խանութում վերցված «պլաստիկե» բրինձից: Մասնագետների կարծիքով՝ խանութը «պլաստիկե» բրինձի համար հավաստագիր չուներ, եւ փորձագետներին ներկայացրեց այլ ներմուծման հավաստագիրը: Այնպես որ, «պլաստիկե» բրինձի ծագումը դեռեւս չի հաջողվել պարզել:

Վահե Դանիելյանի կարծիքով՝ «պլաստիկե բրինձի» հոտը կարող էր պայմանավորված լինել պահելու պայմաններով. հնարավոր է՝ բրինձը պահել են հոտավետ մթերքների կողքին, եւ այն իր մեջ է ներծծել դրանց հոտը:

Հիշեցնենք, որ լրագրող Նարինե Կիրակոսյանը դիմել է սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը՝ բողոքելով բրինձի վատ հոտից: Այս բրինձը Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան էր ներմուծել «Արմեն-Հասմիկ» ընկերությունը, որի պահեստներում մասնագետները հայտնաբերել են 130 կգ բրինձ:



© NEWS.am Medicine