Յուղոտ սնունդն ինչպես է մեզ սպանում. հետազոտություն

10:52   15 դեկտեմբերի, 2017

Վաղուց է հայտնի, որ հագեցած ճարպերը մահը մոտեցնում են եւ նպաստում սիրտ-անոթային հիվանդությունների զարգացմանը: Սակայն մինչեւ հիմա պարզ չէր օրգանիզմի բջիջների վրա դրանց ազդեցության մեխանիզմը եւ այն կոնկրետ պատճառները, որոնք հիվանդությունների լայն սպեկտր էին առաջացնում:

ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի գիտնականների նոր հետազոտությունը տվել է այս հարցի պատասխանը: Գիտնականները մշակել են միկրոսկոպիայի նոր մեթոդ, որը թույլ է տալիս ճարպաթթուներին անմիջապես հետեւել կենդանի բջիջների կողմից կլանվելուց հետո: Նրանք կատարելագործել են գոյություն ունեցող վիզուալացման տեխնոլոգիան:

Ըստ մեթոդի՝ ճարպաթթուներում ջրածնի  ատոմը փոխարինվում է նրա իզոտոպով: Այն չի փոխում դրանց ֆիզիկաքիմիական հատկությունները եւ վարքը, ինչպես անում էին հետազոտության ավանդական մեթոդները: Դրանից հետո կենդանի բջիջների մեջ կարող են հայտնաբերվել ճարպաթթուներից ստացված բոլոր մոլեկուլները:

Պարզվել է, որ հագեցած ճարպաթթուներից բջջային թաղանթի ստեղծման պրոցեսը բերում է «կարծրացած» հատվածների առաջացման, որոնցում մոլեկուլները «սառեցված» են: Նորմալ պայմաններում թաղանթները պետք է ճկուն լինեն, իսկ մոլեկուլները, որոնցից դրանք կառուցված են, առաձգական:

Գիտնականները պարզել են, որ հագեցած ճարպաթթուների կարծր, ուղիղ, երկար շղթաները կարծրություն են հաղորդում լիպիդների մոլեկուլներին եւ բջջի թաղանթի մնացյալ հատվածից անջատում: Այս լիպիդային մոլեկուլները այնուհետեւ կուտակվումեն խիտ անշարժ «կղզյակներում» կամ կլաստերներում: Կախված  բջջի մեջ հագեցած ճարպաթթուների հայտնվելու չափից, այս կղզյակներն աճում են՝ ստեղծելով ոչ առաձգական թաղանթի ավելի ընդարձակ հատված՝ այն աստիճանաբար քայքայելով եւ  բջիջները ոչնչացնելով:

«Մենք երկար ժամանակ կարծում էինք, որ բջջային ամբողջ թաղանքը առաձգական է՝ սպիտակուցներին թույլ տալով իրենց ձեւը փոխել եւ տարբեր ռեակցիաներ կատարել: Ոչ մեկը նախկինում կաթնասունների կենդանի բջիջներում կարծր թաղանթ չի դիտարկել: Այն, ինչ մենք տեսանք, բացարձակապես նոր զարմանալի երեւույթ է»,- ասել է հետազոտության հեղինակ պրոֆեսոր Վեյ Մինը:

«Մենք նաեւ հայտնաբերել ենք, որ չհագեցած ճարպաթթուների հավելումը կարող է «հալեցնել» թաղանթի կարծր կղզյակները, որոնք սառեցվել են հագեցած ճարպաթթուներով»,- նշել են հետազոտողները:

Այս մեխանիզմը կարող է մասամբ բացատրել չհագեցած ճարպաթթուների բարենպաստ ազդեցությունը եւ այն, թե ինչպես են բջիջները պաշտպանում օրգանիզմում լիպիդային փոխանակության որոշ խախտումների դեպքում:

Նոր հետազոտությունը կարող է զգալի ազդեցություն ունենալ ինչպես չհագեցած ճարպերի գործողության մեխնիզմը հասկանալու, այնպես էլ ճարպակալման, դիաբետի եւ սիրտ-անոթային հիվանդությունների բուժման վրա:



© NEWS.am Medicine