Հայերի 3 տոկոսի կարծիքով՝ ընդհատված սեռական ակտը կարող է պաշտպանել ՄԻԱՎ-ից. NEWS.am Medicine-ի հարցում

20:33   16 դեկտեմբերի, 2017

NEWS.am Medicine-ի անցկացրած հարցման մասնակիցների 3 տոկոսը կարծում է, որ ընդհատված սեռական ակտը կարող է պաշտպանել ՄԻԱՎ ինֆեկցիայով վարակվելուց: Եվս 2 տոկոսը համոզված է, որ վարակվելուց կարող են պաշտպանել հորմոնալ հակաբեղմնավորիչները եւ ներարգանդային պարույրը:

Հարցմանը մասնակցել է ընդամենը 1182 մարդ: Հարցվածների մեծ մասը (84 տոկոս՝ 991 մարդ) համոզված է, որ ՄԻԱՎ ինֆեկցիայով սեռական ճանապարհով վարակվելուց կարող է պաշտպանել միայն պահպանակը: Եվս 9 տոկոսը (101 մարդ) պատասխանել է, թե չգիտի ինչպես է հնարավոր վարակվելուց պաշտպանվել: 40 մարդ համոզված է, որ ընդհատված սեռական ակտը կարող է պաշտպանություն ապահովել: 27 մարդ կարծում է, որ ներարգանդային պարույրը բավարար պաշտպանություն է ապահովում: Հարցման եւս 23 մասնակից կարծում է, որ հորմոնալ հակաբեղմնավորիչները պաշտպանում են ոչ միայն անցանկալի հղիությունից, այլեւ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից:

Նշենք, որ վարակներից պաշտպանված է համարվում միայն հակաբեղմնավորման պատնեշային մեթոդների օգտագործմամբ սեքսը, որոնցից այսօրվա դրությամբ ամենատարածվածը եւ մատչելին պահպանակն է: Առանց պահպանակի սեքսը (այդ թվում՝ ընդհատված սեռական ակտը) ռիսկային է համարվում սեռական ճանապարհով փոխանցվող վարակներով, այդ թվում՝ ՄԻԱՎ –ով վարակվելու առումով:

Իհարկե, որպեսզի պահպանակը կարողանա իր պաշտպանական գործառույթը կատարել, կարեւոր է դրա ճիշտ օգտագործումը՝ պահպանակը պետք է հագնել սեռական ակտի սկզբից եւեթ եւ չհանել մինչեւ այն ավարտելը: Պահպանակը պետք է պատշաճ պայմաններում պահվի՝ ճիշտ ջերմաստիճանում, արեգակի ճառագայթների ազդեցությունից հեռու: Ցանկալի չէ պահպանակը երկար ժամանակ պահել տաբատի գրպաններում, քանի որ վրան կարող են ճեղքեր կամ միկրոճեղքեր առաջանալ, որոնց միջոցով հիվանդության որոշ հարուցիչներ կարող են այնտեղ «թափանցել»: Օգտագործելուց առաջ նաեւ պետք է համոզվել, որ պահպանակի պիտանիության ժամկետը չի լրացել:

Ինչ վերաբերում է հակաբեղմնավորման մյուս մեթոդներին, ավելի ճիշտ է անցանկալի հղիության դեմ հորմոնալ հակաբեղմնավորիչների օգտագործումը, այս դեղամիջոցները նաեւ կարող են  օգտագործվել որոշ հորմոնալ հիվանդությունների բուժման համար, սակայն սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից ոչ մի կերպ չեն կարող պաշտպանել: Նույնը վերաբերում է ներարգանդային պարույրին:



© NEWS.am Medicine