ԱՄՆ-ում կուրության բուժման համար հավանություն են տվել գենային թերապային

13:44   20 դեկտեմբերի, 2017

ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղորայքի որակի վերահսկողության վարչությունը (Food and Drug Administration, FDA) հավանություն է տվել ինովացիոն գենային թերապիային տեսողության ժառանգական կորստի հազվագյուտ տեսակով հիվանդների բուժման համար:

Հավանություն է ստացել Luxturna կոչվող թերապիան, որը մշակել է Spark Therapeutics ընկերությունը:

«FDA-ն այսօր հավանություն տվեց Luxturna-ին՝ գենային նոր թերապիային տեսողության ժառանգական կորստով երեխաների եւ մեծահասակ հիվանդների բուժման համար, որը կարող է կուրություն առաջացնել: Luxturna-ն առաջին գենային թերապիան է, որն ԱՄՆ-ում հավանություն է ստացել եւ ուղղված է որոշակի գենում մուտացիաների հարուցած հիվանդությունների բուժմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

«Այսօրվա հավանությունը նշանավորում է գենային թերապիայում եւս մեկ ձեռքբերում՝ ինչպես այն հարցում, թե ինչպես է գործում թերապիան, այնպես էլ քաղցկեղի սահմաններից անդին գենային թերապիայի օգտագործման ընդլայնման հարցում… այս առանցքային պահը մեծացնում է լայն սպեկտրի ծանր հիվանդությունների բուժման մեջ այդ հեղափոխական մոտեցման պոտենցիալը»,- հայտարարել է վարչության ներկայացուցիչ Սքոթ Գոթլիբը:



© NEWS.am Medicine