Միայնակությունը մեծացնում է 2-րդ տիպի դիաբետի առաջացման վտանգը. ուսումնասիրություն

22:46   21 դեկտեմբերի, 2017

Սոցիալապես մեկուսացված մարդկանց մոտ 2-րդ տիպի շաքարային դիաբետը ավելի հաճախ է ախտորոշվում, քան՝ շփման լայն շրջանակ ունեցող մարդկանց, պնդում են  Maastricht University Medical Centre-ի գիտնականները:

BMC Public Health գիտական ամսագրում հրապարակված ուսումնասիրությանը մասնակցել է 40-75 տարեկան  2,861 տղամարդ եւ կին: Ուսումնասիրության 1623 մասնակից (56.7%) գլյուկոզի նորմալ նյութափոխանակություն է ունեցել, 430-ի մոտ (15.0%) նախադիաբետ էր ախտորոշվել, 111-ի (3.9%) մոտ ախտորոշվել էր 2-րդ տեսակի դիաբետ, իսկ 697-ի (24.4%) մոտ դիաբետի 2-րդ տեսակը ախտորոշվել է այս հետազոտության արդյունքում:

Այս մարդկանց կենսակերպի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «շփման լայն շրջանակը» (անդամակցությունը տարբեր ակումբներին) կարող է օգնել դիաբետի կանխարգելման հարցում: Կանանց շրջանում սոցիալական մեկուսացումը նախադիաբետի ռիսկի հետ կապված էր 60%-ով և 2-րդ տիպի դիաբետի ռիսկի հետ՝ 112%-ով:

Սոցիալական լայն կապերից զուրկ տղամարդկանց շրջանում 2-րդ տիպի դիաբետը 42%-ով ավելի հաճախ էր հանդիպում, քան շփվողների շրջանում: Գիտնականները նաեւ նկատել են, որ միայնակ ապրող տղամարդկանց մոտ դիաբետի ռիսկը բարձրանում է 92%-ով:

 



© NEWS.am Medicine