Մթերքներ, որոնք վերականգնում են ծխողների թոքերի աշխատանքը

22:04   22 դեկտեմբերի, 2017

Թարմ լոլիկի եւ խնձորի օգտագործումը մեծահասակ բնակչության շրջանում կարող է զգալիորեն դանդաղեցնել թոքերի ֆունկցիաների բնական նվազումը, ինչպես նաեւ վերականգնել նախկին ծխողների օրգանների աշխատանքը: Դրանից բացի, այս մթերքները դրական ազդեցություն ունեն նրանց առողջության վրա, ովքեր դեռեւս չեն կարողացել հրաժարվել վնասակար սովորությունից, փոխանցում է Eurekalert-ը՝ վկայակոչելով Ջոնս Հոփքինսի անվան բժշկության դպրոցին (ԱՄՆ):

Մասնագետները հետազոտության շրջանակում ավելի քան 650 մարդու սննդակարգը եւ թոքերի աշխատանքը գնահատել են 2002 թվականին: Կրկնակի թեստեր են անցկացվել 10 տարի անց: Փորձի մասնակիցները (եվրոպական 3 երկրների՝ Գերմանիայի, Նորվեգիայի եւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներ) դեռեւս առաջին փուլում սնվելուն վերաբերող հարցաշար են լրացրել:

Կամավորները նաեւ սպիրոչափում են անցել՝ արտաքին շնչառության ֆունկցիայի հետազոտության մեթոդ, որի մեջ մտնում է շնչառության ծավալային եւ արագության ցուցանիշների չափումը:

Հետազոտողները հայտնաբերել են, որ օրական 2 լոլիկից ավելի եւ թարմ մրգերի (հատկապես խնձորի) 3 չափաբաժնից ավելի օգտագործող մարդկանց մոտ թոքերի աշխատանքի նվազման տեմպերը դանդաղել են նրանց համեմատությամբ, ովքեր ավելի քիչ չափաբաժին են կերել: Դրանից բացի, այս մթերքները դրական ազդեցություն են ունեցել նաեւ ծխողների թոքերի աշխատանքի վրա:

Մասնագետները վերլուծել են շնչառական համակարգի վրա նաեւ այլ մթերքների ազդեցությունը, որոնք մրգեր եւ բանջարեղեն են պարունակել (օրինակ՝ լոլիկի սոուս): Սակայն պաշտպանական էֆեկտ է դիտվել միայն թարմ բաջարեղեն եւ մրգեր օգտագործելիս:

«Թոքերի ֆունկցիան սկսում է նվազել մոտ 30 տարեկանում՝ օրգանիզմի անհատական առանձնահակություններից կախված փոփոխական արագությամբ: Մեր աշխատանքի արդյունքները ենթադրում են, որ կանոնավոր ռեժիմով թարմ մրգերի մեծ քանակությամբ օգտագործումը կարող է օգնել նվազեցնել վնասակար սովորություն չունեցող մարդկանց թոքերի  բնական ծերացումը, ինչպես նաեւ վերականգնել վնասվածքները, որոնք ծխելու հետեւանքով են առաջացել: Դիետան կարող է դառնալ ամբողջ աշխարհում աճող ախտորոշմամբ թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի միջոցներից մեկը»,- պարզաբանել է հետազոտության առաջատար հեղինակ Վանեսա Գարսիա Լարսենը:

Նա հիշեցրել է, որ թոքերի աշխատանքի խանգարումները կապված են նաեւ բարձր մահացությամբ մի շարք այլ ծանր հիվանդությունների հավանականության հետ: Դրանց թվում են թոքերի քաղցկեղը եւ սիրտ-անոթային հիվանդությունները:



© NEWS.am Medicine